ՊՈԵՄ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

ԳԼՈԻԽ ԱՌԱՋԻՆ
ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1

Զարմանալի շփոթ, ու անհեթեթ, որ մութ
Ես մի երազ տեսա այս երեկո հանկարծ: —
Ո՜չ թե երազ էր այդ, այլ էապես մի մութ
Զառանցական տեսիլ, կամ հոգևոր արկած,
Որ ապրեցի կարծես կախարդական քնում,
Աչքերըս բաց, անխոհ, կիսարթըմնի պառկած
Իմ սենյակում, ինչպես սովորաբար, հանգիստ, —
Ընտելացած արդեն այս արթմնի կյանքին: —

2

Արդեն վաղուց է, որ ես մատնված եմ այս
Զառանցանքի նման անիրական կյանքին: —
Եվ, իոգի նման ծալապատիկ նստած՝
Վարժեցնում եմ ոգիս հայեցումի անկիրք…
Պարզ՝ ստիպում եմ ինձ՝ կամքիս ուժին վստահ՝
Ճաշակելու համար անեզրական հանգիստ, —
Ինչպես որ այդ հնդիկ իոգին է վայել —
Իմ սեփական պորտին՝ լուռ՝ ժամերով նայել…

3

Եվ ի՞նչ: — Հասնո՞ւմ եմ ես երանության արդյոք, —
Թ՞՝ե — զզվելով պորտիս չքնաղագեղ տեսքից. —
Նզովելով ոգու ստրկության արդյունք
Հանդիսացող ամեն վերացական հանգիստ, —
Հռնդալով, խնդուն նետելով դեն անթով
Երանությունն հոգու, — հղում եմ հիմն անգին
Բարիքներին կյանքի, որ մարմնական, շարժուն —
Վառվում, կիզվում են վառ ու վառվելով կորչում…

4

Ավա՛ղ — որքան էլ ինձ և՜ հարազատ, և՜ մոտ,
Եվ ըղձալի է լոկ այս բռնկումն անգին,
Որ ապրելու միակ ձևն ու իմաստն է հար,
Միակ ընթացքը թեժ դեռ կենդանի կյանքի, —
Բայց, մատնված բախտի քմահաճությամբ հիմար ՝
Այս մենությանն անծայր, այս վիճակին անկիրք, —
Խողխողելով ոգուս մոլեգնությունն հախուռն —
Ընտելացա ուրի՛շ մոլեգնության մի խուլ…

5

Օ, անհեթեթ իմ բախտ, Բեհզեբուղի նյութած. —
Իմ հորոսկոպ մթին, իմ դիցուհի անքիթ…
Միաչքանի իմ կուռք՝ Կալկաթայում գտած, —
Իմ մա՜հ, իմ մա՜ռ, իմ Մոյրա՜ — Մռա՜ — Ճակատագիր…
Ավա՛ղ, ապոլոնյան ոչ թե վճիտ իմաստ, —
Տախտակներիդ վրա, այլև չնչին մի գիր
Հելլենական — չկար… Այլ նշաններ կոպիտ —
Ծուռն ոտքերի նման կույր դիցուհու բոպիկ…

6

Բայց ոչ… Ների՜ր ինձ, ո՛վ իմ անժաման ընկեր,
Իմ սիրուհի, իմ քույր, իմ երազանք անեղծ…
Ողջունեցիր դու ինձ, ինչպես լուսաստղը ջեռ,
Քույր Դիանի պայծառ արծաթազօծ աղեղ
Եվ ոսկե նետ ձեռիդ՝ որս չտեսած ու դեռ
Նոր դաշտավայր ելած, ձույլ կոնքերով ու նեղ,
Տղայական մարմնով մի մանկամարդ նրբին,
Լուսաթաթախ, ինչպես աստեղահև արփին…

7

Այո՜…. Որքան էլ ես քեզ նզովեմ՝ հիմար
Կամ անճարակ մարդկանց հերյուրանքից զզված,—
Սակայն հո չե՞մ կարող ես մի եզի նման
Անգիտաբար լիզել իմ կողերին քսած
Ամեն կավիճ ու ցեխ, — կամ կարծրության համար
Անմտորեն փնչալ, հին թելերից հյուսված
Երեսն ի վայր կախված չոր ծոպերի փնջին,
Որ պաշտպանում են դեմքն երամներից ճանճի…

8

Ո՜չ, անհատակ իմ բախտ, — դու գեղեցիկ էիր,
Դու բարձրացար, ինչպես արծաթացոլ, զուլալ,—
Այգաբացի աստղիկ, — և ըղձանքներ բերիր,
Եվ կարոտի վարդեր, և ադամանդ ու լալ
Երջանկության, փառքի, երազանքի վերին,
Եվ սկզբում չկար անգամ չնչին քուլա
Հորիզոնում քո ջինջ, անեզրական, կապույտ, —
Երգըդ երբ նո՜ր էր դեռ փառքի կամար կապում…

9

Ի՞նչ անեիր սակայն, անօգնական իմ սեր,
Նաիրական իմ երգ, եղերական իմ բախտ, —
Որ նախատինք թվաց սյունհոդոսին այն սև,
Եվ սինկլիտին նսեմ — իմ ծառացումն այդ վաղ, —
Եվ աճեցիր որքան ու խոյացար դու վեր —
Այնքան դժնի դարձար շնորհներից անկախ,
Ծագման տեղից բխող իրավունքով վերին
Քանքարազուրկ մարդկանց այդ եղկ ոհմակներին…

10

Բայց դու ինչքան անգետ, ու միամիտ, ու խեղճ,
Ու բանաստեղծ էիր, բա՜խտ, երկնայի՜ն իմ քույր…
Դու հավատում էիր երգիդ ուժին անեղծ,
Եվ երդերով միայն, հրապույրով մաքուր
Ընդդիմանում նոցա հերյուրանքին ու եղկ
Բամբասանքին, — անհամ, թե բացարձակ, թե խուլ
Խլուրդային, անկանգ արշավանքը նոցա
Համարում քար՝ դեպի արեգակը գցած…
1937, մարտ

Advertisements
By paruyrservak

ԻՄ ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս աղոթքը իմ լերան:
Քե՜զ, ո՛վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ,
Քեզ՝ Տվողիդ հանճար, և՜ ինքնություն, և՜ ձիրք. —
Դող՝ տարփուհուն պարող, շնորհք՝ բանաստեղծին,
Որ բարբառեն բանիվ և գեղգեղեն ձեռամբ…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ինձ լիաբուռ ձոնած
Շնորհների համար և ձիրքերի անեղծ, —
Որ կոչեցիր երգիչ ու բանաստեղծ
Նվիրեցիր տավիղ և էվոլյան քնար…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, —
Այլև ասպետ, և պետ, և զինակիր
Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի:

***

Իբր ադամանդ մաքուր տառապանքով թրծած,
Պայծառացավ նա հար՝ և կարծրացավ անվերջ, —
Հայրենական հողում որքան ապաքինվեց՝
Ստրկության դժնի կոշկոճներով քերծած: —
Ո՛վ Տեր, գիտե՜ս, որ այս հողն հոգևոր ցողող
Իբր հայրենի հողի վաղվաղակի մշակ —
Դեմքիս հազարամյա հալածանքի նշան՝
Հերկդ եմ հերկել խոսքի ադամանդյա խոփով…
Գիտես, որ հար՝ ելած նախքան լուսաստղը վաղ՝
Ինքըս՝ ոգով անխոնջ լծված իբր համր եզ՝
Խոփն եմ քաշել խոհիս — և ինձ հենց ինքըս ես
Խարազանել խստիվ, որ չընթանամ դանդաղ, —
Եվ վաստակել եմ մինչ ուշ գիշեր խրթին,
Մինչև վերջին կաթիլն առօրյական ուժիս, —
Ապա քնել եմ ես դաշտում քնով ուշիմ
Որ լուսաստղից առաջ — կրկին ելնեմ երթի: —
Սակայն գիտես դու, Տեր, որ ոչ ինձ լուծիդ
Ծանրությունն է ընկճել
Ոչ զեփյուռը շնչով շոյել է դեմքիս վճիտ
Զովացուցիչ քրտինքը — իբրև բալզամ —
***
Օ, ո՜չ. — դու չե՜ս լսել երբեք տրտունջը իմ
Ոչ հոգնության, ոչ չար հերյուրանքի հանդեպ.
Թեկուզ իջել են ծանր, օրհասական ամպեր
Իմ ուսերին խոնջած և անտերունչ շնչին…
Ինձ չի՜ ընկճել երբեք և ո՜չ մի ծանր քար,
Եվ ոչ մի սև կոշկոճ՝ ընկած խոփիս առջև. —
Ես չեմ շեղվել երբեք, — երբեք ետ չեմ դարձել
Ակոսներից երկար, և քարքարոտ, և դար: —
Ես չեմ շեղել երբեք հերկն հայրենի Խոհի, —
Եվ հանդուրժել, որ բյուր սերունդների հերկած
Հին գրքերում մնա անգամ չնչին մի քար
Նետված օտար ձեռքով, որ խարանե Ուղին…
Եվ մառախուղ, և մեգ, և կողմերից օտար
Հռնդալով թռչող ոչ ընչաշունչ քամի, —
Եվ վայրենի վրեժ դժնի բարեկամի,
Եվ ոսոխի ժանիք արյունոտած —
Հեղեղատներ՝ հանկարծ հայրենական հողի
Անդաստաններն համայն հեղեղատող, —
Չեն ընդհատել երբեք այս Տքնությունն անդուլ
Հազարամյա արյամբ սրբագործված Խոհի…
***

Եվ դու, ով իմ Տեր, որ՝ չնայած անվերջ,
Անհատնելի, նորանոր, որոմային ձիրքով՝
Զարհուրելի կենսունակ, ինչպես անհուն ձեռքով
Աղետալի բեղմնությամբ ցանված որոմ անկեզ,
Յուրաքանչյուր անարատ բողբոջի կողքին,
Ահ, որպիսի ամեհի, անմարելի խանդով
Հռընդում են, բազմանում ու բազմանում անթիվ
Իրարամերժ սաղմերն այս սև — դժնի դժոխքի…
Եվ այն գիտես, ով Տեր, դու, որ որոմն անցան՝
Սաղմն անմշակ այդ սերմի՝ հրի պես լափող, —
Ինչպես մորեխ ինքնակեր՝ զարհուրելի թափով
Բազմանալով, լափելով սերունդների անծայր:
Անխզելի տքնությամբ՝ հերկում միևնույն՝
Ամենօրյա, տվնջյան աշխատանքով ցանած
Բերքն անաղարտ, — խժռելով դեռ նորընծա կանաչ,
Անգամ արմատ ձգած պիրկ շյուղեր ինքնահուն, —
Հրկիզելով, խանձելով, իբր անխորհուրդ հրդեհ —
Հազարամյա մեր ցանի բերքն այսօրվա կանաչ, —
Հրկիզելով անգամ մեր երգն այսօրվա անհաս,
Ողջ կենսաբաղձ մի սերունդ՝ սեզ նորածիլ իբրև դեռ, —
Միևնո՜ւյնն է, ո՛վ Տեր, հանճարավոր անմահ, —
Ո՛վ ինձ խորհուրդ պարգևող և անխորտակ ոգի, —
Զրահավոր քո տված իմաստությամբ՝ գիտեմ,
Որ՝ ինչպես բոց ինքնաչափ՝ ընդերքներին անմաս, —
Ինչպես երեկ, ինչպես միշտ՝ չգտնելով շուրջն իրենց
Հեշտ, դյուրակեզ ոչ մի շյուղ այլևս կենդանի, —
Լափլիզելու են իրենց զարհուրելի խանդով
Եվ մոխրացած՝ < > հողն հայրենի:
Թեկուզ անինչ իմ ողին երբեմնակի բեկված՝
Թողած ակոս, թողած հերկ, թողած հազարամյա,
Անձկալի տքնությունն — իր հին, զառամյալ
Ողբն է հյուսել՝ սգալով կարոտն աներկբա, —
Շնորհակալ եմ, Տեր, ինձ շնորհած անմահ
Իմաստության համար այն՝ զրահավոր, որով՝
Կարողացել եմ տեսնել թե ծիլ, թե որոմ, —
Եվ սնել ծիլ բազմաթիվ՝ ուժերին անմարս…
ԻՄ ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Իմ հանճարի անցած չարչարանաց լերան
Եվ դժվարին, և դառն ճանապարհի կեսին —
Ահա հղում եմ քեզ խեղճ աղոթքը ես իմ, —
Ո՛վ Առաջնորդ ու Տեր հոգիներին մեր այն,
Որք — կկերտեն ոգով և որք «կերգեն ձեռամբ…»
………………………………………………………
………………………………………………………
Ո՛վ Առաջնորդ ու Տեր ու մեծագույն վարպետ
Տիեզերքում սփռած բազմաբազում —
Եվ աշխարհում, կյանքում, և երազում
Մարմնավորված ոգի և կերպարանք տարբեր —
Յուրաքանչյուր չնչին սաղմնավորման անգամ
Ձև ինքնություն տվող և ինքնության պատկեր, —
Արարչագործ կամքի ո՛վ անհատնում < …………..>
***

Ոչ քաղցրություն եմ հայցում ես քեզնից, Տեր՝
Իմ դառնության բաժակին խառնելու հաշիշ, —
Ոչ զորավիգ՝ տեգերի հանդեպ ամբարիշտ,
Որ ինձ խոցել են անվերջ և խոցոտում են դեռ, —
Ոչ բալասան եմ ուզում՝ վերքերին իմ սև,
Բազմաչարչար իմ մարմնին՝ զարկված ամենքից, —
Ոչ ստության, պղծության և քսության պիղծ
Նիզակներով ծակոտած իմ կողերին դեղ. —
Ո՜չ չեմ սարսում արտաքին և ոչ մի ուժից, —
Եվ ոչ դրսից ինձ դավեր նյութողներից նոր, —
Բարձր է անպարտ իմ ոգին և զրահավոր
Ամենայն ուժ արտաքին դարձնելու փոշի:
Ո՜չ ես հիմա, ոչ առաջ իմ վերքերի վրա
Ուժ չեմ հայցում, չեմ հայցել և չեմ հայցի երբեք, —
Իմ մարմնական տոգորման, ողջակիզման դեմ,
Ես — ի՜նքս եմ իմ դեմ — ո՛վ Տեր, — հայցում զրահ…
***
Ալեկոծվող իմ ոգու այս խորքն անարև՝
Անքննելի ինքնության այս ակունքներն անտես,
Այս պղպջումն՝ ինքնաբուխ ջերմուկների հրկեզ
Տո՜ւր զորություն կաշկանդել կամքով հանճարեղ:
Տո՜ւր զորություն հորձանուտն այս անշղթա գետի,
Անժամանակ, անկապան ոգևորության
Բանտել՝ անդուլ տքնության անկիրք զորությամբ՝
Կոփել կայուն գիտության գրանիտյա գետին: —
Տո՜ւր զորություն ազատվել աննինջ աղետից՝
Հեղեղումից, ձյուների գարնանային անտես,
Կածաններից, ուղիներից, առուներից այն նեղ
Շռնդագին հորդացող պղտոր հեղեղի
Բարիքներից աննախորդ ու աննախընթաց, —
Բարձունքներից այն անհաս, անհունձ, անկոխ — .

Պատահաբար տեղահան արված հորձանքով

Հարյուրամյա, ահռելի, սակայն անկենդան
Կաղնիներից, բներից, — բարիքներից թեկուզ
Եվ վեհափա՜ռ, և մեծ, և՜ կոթողներ դարձող,
Սակայն սնիր ինձ, Տե՜ր, — ամենօրյա հացով,—
Գորովագութ, չարքաշ, որ վարարած ոգուս
Տո՜ւր զորություն երկաթյա կամքով աներկբա
Կանգնած հախուռն այդ հողմի գալարմունքի հանդեպ՝
Պատկերների, խոհերի հեղեղումն անդեմ
Թեքել հունի մեջ ոգու՝ հեղեղի պես այն,
Որ անպատվար ու պղտոր լեռներից անթիվ
Առուներից, ուղիներից, կածաններից ծածուկ,
Գագաթներից բարձրաբերձ, իբրև հալած ձյուն,
Տեղահանված, ողողված գարնան անհուն խանդից —
Զարհուրելի հեղեղով ողողելով ամբողջ
Լեռնաշխարհի հովիտներն եզերքից եզերք,
Գետերի հունն են մտնում և հետզհետե —
Լայն, ծանրանիստ, վեհափառ, դանդաղ հորձանքով —
Ընթանում են համրաքայլ, արքայաբար, հանգիստ —
Հնամենի հունից դուրս ողողելով թեպետ
Անծայրածիր մերձակա մացառուտներ, թփեր,
Որ գարնան տիղմն են ծծում, որ բարձրանան կյանքի, —
Եվ ինչպիսի՛ հեղեղներ երազների, խոհի,
Եվ մտքերի որպիսի հեղեղատներ եմ հիշում, —
Որ բարձրացել են անցած տարիների մուժում, —
Եվ ինձ տվել են միայն խեղճ մի քանի երգ:
Եվ մինչև օրըս, ո՛վ Տեր, մի վայրենի, անխոհ,
Մութ հորդայի եմ եղել իմ արվեստում նման, —
Հեղեղումի ենթակա հովիտներում ամա
Դարեիդար բնակվող գեղջուկների անխոհ, —
Որ փոխանակ լեռներից յուրաքանչյուր գարուն
Վար գլորվող ահռելի հեղեղների համար
Հուն փորելու և ընթացք բեղմնավորող, անմահ
Որ ոսկե տիղմը մնա անբեր դաշտերում, —
Այս բյուրպատիկ ավելի, թե՜ հեշտ, թե՜ անահ,
Թե աղետից ազատող, թե վերահաս մահից, —
Այս պրոզայի փոխարեն ամեն ձյունհալի —
Տուն ու այգի թողնելով հեղեղատի կամքին՝
Քարանձավներն հանելով անասուն ու մանուկ,—
Ձող ու կեռել են շինում, ընտրում դիրքեր բանուկ
Կոճղ ու ծառեր բռնելու հեղեղատի միջից…
Եվ չգիտե, որ թեկուզ հազարամյա կաղնիներ
Կարողանա նա պղտոր հեղեղատից այդ որսալ
Նախ՝ հարազատ, հենց իրենց անտառներից է կորզած, —
Եվ ապա ջուրն այդ — որքան նոր կաղնիներ կծներ, —
Թե բովանդակ ուժերով իրենց և՜ պիրկ և առույգ
Բազուկների, ջղերի, և կամքերի զորավոր, —
Հուն փորեին գարնանային հեղեղատի համար, որ
Տիղմ է բերում բեղմնավոր ամեն ու գարուն
Ախ, դու նրանց ես եղել հաճախակի նման, —
Սպասել ես տարերքին ոգևորության
Կարողացե՞լ ես արդյոք, ով խոհերի վարպետ,—
Որ ամենայն գարունքի հախուռն խնդությամբ
Հեղեղատներ ես ապրել ոգևորության, —
Եվ քանի շունչ կա քո մեջ պիտի դեռ ապրես, —
Կարողացե՞լ ես արդյոք քո ուժերի ներքին
Հեղեղատով ողողված հովիտներում հողե, —
Ոչ միայն շյուղ որսալ խեղճ ու ինքնաբուխ տողեր,
Ոչ լոկ անխոհ վետվետում ինչ-որ հնչուն երգի —
[Դու որսացել ես միայն ինքնահորդուն տողեր,
Եվ միայն շյուղ մի չնչին լիահնչյուն երգի…]
ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ
Տո՜ւր ինձ կորով, տո՜ւր ինձ ուժ, տուր զորություն անկոր,
Տո՜ւր գիտություն սեփական սահմանների, խորքի, —
Տուր տեսություն անմշուշ աչքի, շնորհքի —
Անեզրական տքնությամբ, համբերությամբ, կամքով
Ալեկոծվող իմ ոգու, իմ հոգևոր խորքի,
Կենսահարույց ուժերի ակունքներից անտես
Պղպջացող, եռացող ջերմուկների պես
Դեպի արև խոյացող այս խաժադուժ զորքին —
Դեպի արև, դեպի կյանք, դեպ դաշնություն ու ձև,
Կերպավորման, դաշնության, բյուրեղացման ձգտող
Այս քաոսի խաժադուժ արշավանքի հանդեպ
Լինելու բարձր ու զգաստ՝ ոչ ենթակա ստրուկ, —
Այլ զորապետ ու արքա, սուվերեն ու տեր, —
Մոգ ինքնախոհ ու իոգ, ճարտարապետ կարող, —
Պատկերների Արքիմեդ՝ ընդդեմ բարբարոս
Հորդաների ներխուժման՝ թեորեմն իր լուծող դեռ: —
Ո՛վ դու, որ պետ ես կարգել ինձ՝ տարերքին անդեմ,
Կույր տարերքի ու նյութի տենդր կաշկանդող, —
Տո՜ւր զորություն լինելու, — ինքըս իմ դեմ անդող,
Մութ ինքնությունը նյութի ձևով կաշկանդող —
Ով դու, որ վարպետ ես կարգել ինձ սկզբից ի վեր՝
Ճարտարապետ խոհերի, երազների, երգի, —
Գեղեցկության, դաշնության չեղյալ եզերքի,
Եղերական վարդապետ և
Տվե՞լ ես դու արդյոք ինձ՝ ձիրքից առավել,
Անգամ անհուն շնորհքից և հանճարից անգամ
Տասնապատիկ առավել կարևորը — կամք՝
Անեզրական երկունքով միայն տառապել…
Տվե՞լ ես ինձ զորություն անագորույն, դաժան՝
Չվարանել սաղմերի բեղմնավորման պահին
Չվարանել արյունից, սրածումից, մահից —
Հանուն ձևի ու խոսքի միակ սրբազան:
Տվե՞լ ես ինձ զորություն ստեղծագործ ոգուս
Զարհուրելի երկունքի հրաշագործ ժամին,
Երբ կայծակներ են ճայթում և շաչում է քամին —
Ոգևորման սանձարձակ հողմն հզորագույն, —
Երբ ամեհի ու հախուռն ոգևորության
Անանց քամին է շաչում անտառներում ոգու,—
Եվ խոհերի կապտափայլ կայծակն է զարկում՝
Հրկիզելով անդունդներ բեղմնավորության, —
***
Ես չգիտեմ արդյոք կա՞ աշխարհում մի այլ
Ստեղծագործ էակ, թեկուզ չնչին բացիլ, —
Իմաստագույն էակ կոչվող մարդուց բացի,—
Որ անխորհուրդ այսքան, այսքան շռայլ
Թե՜ առանձին, թե հետն իր նմանների բազում՝
Յուրաքանչյուրն ուրույն ճարտարության վարպետ, —
Այսքան անհուն, այսքան մրջյուններից տարբեր
Տնօրինի հանճարն ստեղծագործ, —
Այսքան անգետ մսխի իր ջեռացող ոգու,
Կայծակնացայտ մտքի, շնորհքների —
Օվկիանի նման անծայրածիր խորքի
***
Քառասնամյա հոգսի բեռն ուսերիս վրա
Անհանգըրվան երթի ճանապարհի կեսին
Հղում եմ քեզ, վարպետ, ահավասիկ
Խոհն անտրտունջ ես իմ — իմ աղոթքը լերան:
Քե՛զ, ո՜վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ
Քեզ՝ Տվողիդ հանճար, և տքնություն, և ձիրք, —
Դող՝ տարփուհուն պարող, — շնորհք՝ բանաստեղծին,
Որ գայթակղեն ոգով և որ երգեն ձեռամբ…
Քեզ՝ Տվողիդ մեղվին ոչ լոկ անհուն շնորհք
Հյութ քաղցրահամ հինել ծաղիկներից լեղի, —
Այլև հրաշագործ այդ երկունքով հղի՝
Հանուն գալիք զեղման՝ լինել ճարտար Շինող…
Եվ — Տվողիդ չնչին մրջյուններին անգամ
Ոչ միայն ձիրք ու ջանք տվընջական գործի —
Այլև ստույգ քարտեզ հազարամյա փորձի, —
Ճանաչության չափի, ձգողության անգայթ:
Համառության, ստույգ ճարտարության, անշեղ
Մի մազաչափ անգամ կանխորոշյալ գծից
Ոչ մի կողմ չթեքվող կառուցման կամք
Այն, որ տալիս է ուժ և գիտություն
Ոչ միայն, Տեր, նրանց՝ մրջյուններին անգետ, —
Բեղմնավորել, տևել, անընդմեջ տևել —
Այլև հանճարափայլ լաբիրինթներ ձևել, —
Եվ կերտելու պահին՝ չխնայել կյանքեր —
Արդ՝ անձանձիր, անտրտունջ անանձնական պատվիրան, —
Քառասնամյա տքնությամբ, ճարտարությամբ անբիծ,
Մոլեգնությամբ ուժերի, որ տրված էր ինձ
Կատարելով հոգևոր գործն ինձ պատվիրած, —

1937, մարտ

By paruyrservak

ՌՈՄԱՆՍ ԱՆՍԵՐ

ՈՉ ՍԿԻԶԲ

Հաճելի՞ է, չէ՞,
էլի ձեզ
Տերյանի երգը թքոտ:
Բայց
Էսօր
Հոգիս թող ձեզ լիզի
երկաթե,
թեժ արդուկով:

Մի՞թե
դեռ
ձեր կակուղ հոգում
մշուշե աշո՞ւն է լացկումած
ու ցնո՞րք է ուզում—
հում
ծախու
ձեր հոգին՝ գծուծ հացկատակ:

Իզուր:
Զուր է ուզում:
Սխալվում է:
Ցնորք չկա:
Երբ ջղերն են ճչում անլեզու
ես
թե կուզեք ապրում ու հուզում—
ձեզ կտամ հույզերիս Չեկան:

Ի՞նչ.
չկա՞ն.
չերգած ներկան դեռ—
ի՞նչ.
չունի հնչյուններ հազար:
Ուզո՞ւմ եք` գազազեմ,
քանդեմ,
ձեզ կիզող հուզումներ հազամ.
Միթե ձե՞զ նայեմ,
միթե ձե՞զ,
էսօրվա կուզիկ պոետներ.
ձեր անծեր ծրի՞ն մոխիրե:
Դուք,
որ ունեք արյան տեղ -մեզ
ու խլինք — խելքի փոխարեն.

Ձեզ համար ժամանակը կարծես
եզասայլ է մի դեռ երկանիվ —
և որին ձեր հոգին բարձել
քշում եք ներկայիս:

Կարծում եք` հենց է՞ս է — չէ.
ուզեցի — կերգեմ ոնց որ կա.
խոսքերով նույն նեխած ու ծեր—
երեկ — սեր,
էսօր — շոգեկառք.

Բոցե ձայնը չհասնի ձեզ թող իմ:
Բայց
էլի
լսո՞ւմ եք —
իմացեք.
բոռում եմ ձեր երկսեռ ռեխին.
— բավական է.
վերջ հիմա ձեզ!

Բավական է մեր լեզուն պղինձ
ձեր թքոտ երգերում թրջի,
որ
կակուղ,
ոնց որ կուտ սեխի —
ծամծմե բթամիտ չարչին.

Բավական է մեր լեզուն ռնգային
ձեր կակուղ ձեռքերում տանջեք:
Շարժե՞ լ եք կամենում,
կին չկա՞
գործածեք հաշիշ, կոկաին,
հասկանում եք` գրիչն անգամ չէ:
Ուզում եք մգլի՞ ,
ժանգոտի ՞,
ուզում եք նեխի՞ մեր լեզուն:
Ուզում եք կամ կամպոտ, կամ չի՞ ր:
Կամպոտի փոխարեն
էսօր
ձեր կակուղ ծնոտին մոտիկ
թող շաչե երգերիս ղամչին!

Բավակա ՞ն է — չէ
Չարենց:
Շլացած հանճարիդ փառքով
էլ ելիր,
հրդեհե,
վառե՛ ,
վերցրու ցրիր բառ — բոմբ!

Թող թքեն,
թքե թութխալով
կպցնեն,
շինեն տող-տող
«նրբաթել» երգերի խալին
նրբաճիչ երգիչները թող:

Էլ ելի՛ր,
ռումբերն առ քո:
Վշտահար, վշտոտ, վշտունեղ,
անատամ բառերի շարքով
թող Ազատն ազատ — վշտունե!

Ուզում եք երգեմ ձեզ սեր,
ցնցումներ էնպիսի ցավի,
որ անցնի,
ձեր հոգին կիսե,
ոնց որ ծանր, բարձած գրուզավիկի!

Հասկանո՞ւմ եք…
Սե՛ր.
դեռ չերգած—
և ո՛չ թե երկաթ կամ շոգի —
Բայց գիտե՞ք,
էնպես, որ գա
ձեր բկին չոգի!

Բավական է հոգին ձեր ծեր
ցրտահար հուզումներ միզե:
Ես
էսօր
բերել եմ ձեզ —
x
y
z

Ռոմա՞նս եք ուզում,
կամ ռոմա՞ն.
ինչո՞ւ չէ. ռոման տամ ձեզ:
Բայց
գիտե՞ք —
ռոման անռոման,
կամ ռոմանս անսեր…

ՍԿԻԶԲ

Ոչ ցնորք ես դու մի դալուկ,
ոչ հոգու մի հրաշք անգո:

Ժենեա,
Քե՛զ
մարմինը քո կակուղ
թող երգեմ գանգիս գոնգո՛վ

Գանգը —
գոնգ,
թմբուկ է ահագին:
Միջին-չար մի միջատ:
Եթե դա,
ներքևից թակի —
մինչև մահ ցավից կճչաս:

Ո՞վ իմանա:
Ո՞վ իմանա:
Ո՞ վ իմանա:
Նստած ես սուսուփուս:
Քեզուքեզ:
Կգա:
Կբուրե արևահամ:
Մեղկությունդ կրքով կզուքե:

Պառկում ես` աչքդ փակես:
Բայց—
կամաց
ոնց որ տուն վառվի`
ելնելով ուղեղիդ տակից —
Կերևա…
Աղջիկ:
Մարմին:
Աչքեր են:
Շրթունքներ:
Հոնքեր:
Կոնքերի կոնքը կլոր:
Ուզում ես` գա՛,
շրթունքե՛ —
քեզ.
գրկե՛ս հրկեզ ձեռքերով:

Ի՞նչ հուշ,
Ի՞նչ ցնորք,
երազ,
լուսնահար տխրություն ու երգ: —
Կգա,
կգգվի նա -շոգ.
շեկ.
վավաշոտ.
Է՛գ:

Շո՛ւ:
Շո՛ւ-շո՛ւ:
Մշուշում:
Կշոյե շշուկը-շոգ:
Ոնց որ օձ կկպչի կաշուդ:
Շո՛ւ:
Շշալով:
Շո՛ւ:
Ու քո շոգ,
ճնշող կոնքերում,
որ ցավից կուռչեն,
կկապտեն—
կվառե ցանկությունն անգութ—
մի կարմիր լապտեր…

Եվ էլ ի՞ նչ.
Էլ ի՞նչ.
Էլ ի՞նչ.
Ողջը — հեչ:
Չնչին,
Միջատ:
Էլ — ե՛լ.
փաթաթվիր թևիդ.
Ճչա՛.-

— ժե՛նեա
քեզ.
ուզո՛ւմ եմ քե՛զ:
Օրերի սարսափը դեմքիս`
գամ,
տամ,
արնահամ կիսե՛ս.
կործանհ՛ս հիմքից:

Ոնց որ չար մի պառավ ջադու
բարձրանա խարույկ —
հանգիստ
դու եկար
Ժենեա,
դու—
բարձրացար գանգիս:

Ու թակեց,
Ու թակեց տակից
Ոնց որ խուլ ահազանգ զանգի,
Ոնց որ քար՝ կամքիս հատակին
Դղրդաց գոնգը գանգիս:

Լսո՞ւմ ես.
կանչում է-քե՛զ:
Որ լսես,
ուզես,
որ գա՛ս:
Ասել է որ գանգը
կեզ
դարձել է — կա՛ս:

Լսո՞ ւմ ես՝ ասում եմ-«Սեր»,
բայց
ծամած այդ բառը որ ասի —
ասել է ուզում եմ-քեզ.
և ո՛չ թե — լիզած լուսին:

Ուզո՞ւմ ես`
ողնաշարս թեքեմ,
որ—
ոնց որ զսպանակ թեքած
թռցնի նա թե ինձ, թե՛ քեզ —
թե գաս…

Եթե գաս,
երևաս եթե —
մինչև թեժ աստղերի հեռուն
կթռչի,
կտանի թեթև
կրքերիս կարմիր աերոն.
Հասկանո՞ւմ ես՝
դուրս կսահի
կրքերիս ահռելի հորդան,
ոնց որ երգ-ցնդած Իզայի
հանճարեղ մատներից հորդած…

Հասկանո՞ւմ ես՝
ինչո՞ ւ.
ինչի՞ց,
Այս բոլորը -շնչի՞ ց միթե քո:
Եթե սերը-կիրք է չնչին՝
թող
ծածկեմ քեզ շնչիս մութաքով.

Հուզո՞ ւմ է.
Չե՞ս ուզում — չէ՞.
պահվո՞ւմ ես, ոնց որ գանձ անգին…
Էլ
Քեզ ո՞վ,
Էս ո՞ վ կանչեց,
որ եկար նստեցիր գանգիս…

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Լսի΄ր,
դու΄:
սի΄րտ իմ արդուկ.
հասկանու՞մ ես` ճամփեդ թեքի΄:
Էն
մասին
ի՞նչ ասես դու,
թե ասի` մասն եմ մեկի΄

Մաս:
Մսի:
Մսե:
Ամուսին:
Հասկացա՞ր. կեկել մեկելի.
թե ուզե` կնստի ուսին,
կգրկե էլի:

Դու կարող ես հուզվել,
գազազել,
դու կարող ես ցնդել,
իսկ նա-
ոնց որ հացը` հանգիստ կկիսե
քո հոգին հոգնած:

Ժե΄նեա,
ինձ.
լսո՞ւմ ես ինձ:
Հասկացի΄ր:
Լսի΄ր:
Անսա΄:
Թո΄ղ:
Թքի΄ր քո կակուղ կեսին:
Հասկանո՞ւմ ես` ա΄յ-
սա΄:

Հասկանո՞ւմ ես` վերցնեն ոնց որ
չթեքած մի գերան փայտի-
ու ցցեն քո կոկորդը չոր,
ու խրե΄ն երկաթե մուրճով,
մինչև սիրտդ, ոնց որ թոփ, պայթի:

Հասկանո՞մ ես`
էստե΄ղ ես հասցրե:
Կախվել ես
տես
թևիս-
և ի՞նչ.
«սեր»
«զերո»
«երազում սիրել»-
իմ վզին դևիզ:

Ի՞նչ է.
Ի՞նչ իմացար.
կարծում ես` Տերյա՞նն եմ թեն:
Ճի΄շտ է.
շաղել եմ «Տաղեր»
«Ծիածան»
Բայց- թքել եմ դրանք արդեն դեն:

Հանգե՛ր են շարել մինչև էս,
քնարել ցնորքներ կակուղ.
բայց
հանգով
ո՞նց հնչեղես,
եթե սերդ է – նավթածոմ Բաքու:
Հո՞ւյզեր ես ուզում, որ հուզեն
թե հոգի,
թե սիրտ,
թե բումբ:
Իսկ եթե պայթե՞ն հույզերը- զեն,
իսկ եթե պայթե՞ն հույզերը- զենք,
հույզերը մաուզեր,
բոմբ,
ռումբ:

Լսի΄ր,
սե΄ր,
քե΄զ եմ ասում.
կարծում ես կաղաչե՞մ կամ կուզե՞մ:
Կգամ:
Գիշերվա կեսին
կպայթեմ, ոնց որ ռումբ հուզե:

Ես տեսել եմ հրդեհ,
պատերազմ,
սպիտակ ու կարմիր զորքեր-
և ոչինչ:
Կամ:
Չմեռա:
Որ քեզ…

Հասկանո՞մ ես:
Կգամ գիշերով:
Աչքերիս աֆիշին խանդոտ
զզվելի շպիտի տեղ սիրո
կկարդաս- «Կինտո»:

Կընկնեմ,
ոնց որ քար նետած:
Կքաշեմ,
կգցեմ մահճիդ:
Հասկանո՞մ ես կամքը վստահ
քեզ սիրող դահճի:

Լսո՞ւմ ես.
կամ հա, կամ չէ:
Հասկանո՞մ ես.
կամ սեր, կամ քիթ:
…………….
«Ցնդած»:
Զզվանքով կանչեց:
Հռհռաց դեմքիս:
Աչքերը գեր մի մկի`
ցատկեց դեն, ոնց որ էգ կատու:
Ես
ասաց
մասն եմ մեկի.
իսկ դո՞ւ:

Կատու΄:
Է΄գ մի կատու:
Ոսկեզօծ:
Ոսկեպատ:
Ոսկե:
Կթռչի-
կգնա Բաթում:
Իսկ ե՞ս:

Ե՞ս…
Իջնեմ,
հավաքեմ գետնից
կրքերիս միրգը թափած:
Միայն թե գիշերի,
մթնի…
Ես… փաս!

Կշարեմ,
ոնց որ ձուկ խաշած,
և-
կինտո,
անթով խափշիկ-
փողոցի մայթին թամաշա
կտանեմ կրքերիս թեբշին:

Եվ…
Եթե մուշտարին թանգի-
փողոցի անփող քոծերին
կրքերիս միրգը անգին
կցրեմ ձրի…
Սե՞ր:
Զարո΄:
Ոնց որ գաս ճաշարան-
չմարսես.
ծանրանա սրտիդ:
Հասկանո՞մ ես` էսքան հասարակ
և էսքա΄ն խրթին:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐՋ

Կարծում եք` հաճելի՞ է- չէ՞:
«Սեր»:
«Կարոտ»:
«Աչքերի գինի»:
Իսկ եղե՞լ է որ` կանչեք-
և լինի…
Ոչինչ չլինի:

Ձեզ երգել են ցնորք,
ծիածան,
ժպիտներ կապույտ ու դեղին:
Իսկ եղե՞լ է` գա,
գազազած
վերցնի քթի ձեր բեխին:

Իհարկե΄,
հե՜շտ է սիրել:
Կարուսել:
Լուսին մեկուսի:
Իսկ թափվե՞լ են ձեր-
ոնց որբի մազերը- քոսից:

Օ, թողե΄ք,
թքե΄ք լուսնին:
Ոչ աղջիկէ նա կույս, ոչ կին:
Թե կուզեք որ կուզ չբուսնի
ձեր հոգու մեջքին:

Թո΄ղ,
Չարե΄նց.
փղփ΄ց գնա մի:
Գազազած` բթադեմ մայթին
Էլ վառի΄ր: Հոգիդ դինամիտ
թող
տոթ
պայթի:

Տա΄ր,
տո΄ւր
տրուբադուր դարձած
առաջին աղջկան անքիթ-
քո հոգին` ավելի՛ պայծառ,
քան հազա՜ր ադամանդ անգին:

Հասկացի΄ր,
սի΄րտ իմ բիրտ.
վերջ:
Ցնորք չիք:
հասկացի΄ր.
անքթի քացին
ավելի΄ է «լուսե»
«աստղածին»
քան հազա՜ր «երազի աղջիկ»:

«Ցնո՞րք» է:
Կգամ:
Մկանոտ:
Եվ-
երբ նա հանվի-
ես
գիտեմ
կզգամ ձկան հոտ,
ոնց որ ինձ Հայկոպփայ տան մի:
Կպառկի

«ցնորքը»-
ե΄ս էլ:
Եվ
կակուղ
երբ խանդից հալի-
ոնց որ հացը` հանգիստ կկիսեմ:
Նա կասե` էլի΄:

Հետո-
կնետեմ ճղմած:
Թող խանդից նա կծե լեզուն:
Սե΄ր,
էսօր
բերե΄լ եմ քեզ- մահ,
ես- հունն:

Հույզե՞ր են. թող գա΄ն, եթե կան.
բռնեմ-
շպրտեմ դեն.
Մոսկովից մինչև Վատկա΄ն.
Թող հորդեն-դե΄:

Ո΄չ:
Չկա΄:
Էլ չկա աղջկա
թովչական մահճակալը ճկուն:
Հույզե՞ր են` թող գան, եթե կան,
Թող դառնան շոգի հոգեկան,
թող հալեն չուգուն:

Ի՞նչ երգ,
ի՞նչ կրքեր,
գրկել,
համբուրել-բուրել-թքաբույր-
երբ
հարբած
քաղաքներն հրկեզ
մերձենում են թաքուն-թաքւն:

Ի՞նչ ձայն,
ի՞նչ կոկորդ մեկի
կարող է հիմա հող քանդել-
երբ
չոքած աշխարհքի բկին
միլիոննե΄րն են եկել հանդես:

Եկե΄ք,
թե կուզեք հուզեմ:
Թե կուզեք չմնալ անկուզ:
Ձեզ
տամ
էնպիսի΄ մի սեր,
որ լիզե- ցամաքի Զանգուն:
Դե- եկե΄ք, աղջիկներ անքիթ:
Ոնց որ դուք` հանձնվեմ շարքով:
Ձեզ,
մարդիկ,
որ տվիք կյանքին-
գանգ,
քիթ,
կոնք:

Եկե΄ք:
Ձեզ կտամ մարմին:
Ձեզ կտամ թե քիթ, թե դեմք:
Եվ հոգի` կարմիր,
Հոկտեմբեր:

Եկե΄ք:
Մոտեցե΄ք վստահ:
Երգերով հոգին ձեր քերեմ:
Եվ
կուզե՞ք-
գա΄նգս ձեզ տամ.
-Առե՜ե՜ե՜ք կերեք!

P.S

Ծիծաղո՞ւմ եք:
Իհարկե դե…
Ե՞ս-
պոետ,
«երկաթե»
«կարմիր»
և
հանկարծ
երգի տեղ երկաթե-
կիրք,
կոնք,
կին:

Չգիտեմ:
Բայց գիտեմ հաստատ,
Հավատում եմ,
զգում եմ, որ նա
իմ
վերջին
շնչին նստած
պիտի վեր համբառնա!
Չարենցը մեռա՞վ.
Մեռավ:
Նոր պոետ ծնվի որ մի:
Թքած թե թերթերի վրա
Իշաբար շարեն ՈՂՈՐՄԻ:
1922

By paruyrservak

Նավզիկե

ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936. 21.IX

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների՛ նման, նայադների՛ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՜ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, –
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե’ս, –
Ամբողջովի՜ն մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո’վ ծանոթ, մերթ` միայն նո’ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՜զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո’րք իմ, իմ Նավզիկե…

Ե՜վ հանճարեղ երգում, և՜ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե’ն կտավի մե՜ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե’:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե’ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե՜:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՜:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի’նչ որ արել եմ ես, ի’նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի՛ իմ սեր, իմ Նավզիկե՛…

Եվ պոետի հռչակ, և՜ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե’ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերի’ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նայադների~ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, –
Իբրև հոժա~ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի~ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

III

…Արդեն նայի~վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո’ւն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի’ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի’ն այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե’ջ –
Պիտի տեսնեմ կղզի’ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նո’ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի’ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո’ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նո’ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո’ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե’ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա~ն պես անցած – իմ Նավզիկեն…

IV

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո’ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի~ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի~շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի~, քանի~ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե’ջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ`
Մի~շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե’ն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի’ մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի’ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա’ծ աղջիկ, տվեցի քե’զ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա~կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –`
Երազներում սիրած, երազի պե’ս…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե’:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –

Սակայն կրկի~ն, կրկի~ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո’ւ կսկիծ: –

Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե’: –

Նայադների~ նման, նայադների~ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինջ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

1936. 21. IX

By paruyrservak

ՍՏԱՄԲՈՒԼ

(ընկեր Մուստաֆա Սուբխու և ընկերների հիշատակին)

I
Լեգենդ է,
Բայց խո՛ր ու հատու:
Ձին,
Բարձած արծաթե թամբով`
Քշել է սուլթան Ֆաթին
Ու հասել է այստեղ —
Ստամբոլ:
Քշել է հուր ձին դեպի դարը,
Մտել է Այա-Սոֆիա՛,
Ինչպես մահը դաժան ու ահեղ,
Ինչպես մահը միակ:
Զարկել է սուրը մարմարին —
Ճեղքել է սյունը:
Եվ—
Նայի՛ր.
Անցել են դարեր, դարեր,
Իսկ իր կամքը դեռ խոսում ու հուզում է:
Կռացել է սուլթան Ֆաթին,
Թաթախել է ձեռքը արյան մեջ —
Ու խփե՛լ է մարմարե պատին
Տե՛ս: —
Մնացել է հետքը ձեռքի
Եվ ահա —
Դարեր, դարեր —
Հեծում է — ամբո՛ղջ մի երկիր,
Եվ ո՛չ թե լոկ մի պատ մարմարե:
Անցել են այն օրից դարեր,
Բայց դեռ հետքը սուլթանի ձեռքի
Մնացել է պատին այս քարե —
Ու մռայլ ճակատին երկրի…
II
Դու ապրո՛ւմ ես դեռ, սուլթան Ֆաթիհ,
Ես տեսնում եմ հետքը ձեռքիդ
Օ, ո՛չ թե այս մեռած պատին,
Այլ դեղին, որբ ճակատին,
Այս մռայլ, այս անտեր երկրի:
Դու մեռել ես, սուլթան Ֆաթի՛հ:
Բայց դարե՛ր շարունակ,
Մինչև օրըս
Կենդանի՛ է, սերած քո կաթից —
Քո դաժան,
Ժանտ թոռանթոռը:
Նստել է այսօր էլ նա այստեղ,
Այս սունկի պես ուռած Ստամբոլում,
Ու չի ընդունում նա քեզ թե —
Բայց ոչինչ
Ժառանգդ է հլու:
Իհարկե, այլ է Պերան,
Ու այլ է հիմա Գալաթան.
Բայց նստած է Ստամբոլի վրա
Դեռ շռինդը,
Հռինդը քո տան:
Իհարկե, չկա էլ մեչետ,
Որին տա պետությունը տուրք.
Իհարկե, սուլթան Մեճիտի
Սարայները դատարկ են, թափուր.
Եվ գերի երկիրը հիմի
Դարձել է՝
«Ռեպյուբլիկ թյուրք»:
Այս բոլորը ճիշտ է, իհա՛րկե,
Այս բոլորը հզոր է ու նոր,
Բայց նույնն է հղփացած այս քաղաքը,
Որ կոչվում է Պոլիս,
Ստամբոլ:
Մի ոտքը մեկնած Եվրոպա,
Մի ոտքը Ասիո մեջքին՝ նստել է
Ստամբոլը հպարտ,
Ինչպես դու, կամ սուլթան Մեճիտ:
Նստել է այստեղ, ինչպես դուք,
Ծծում է հուր ու քրտինք.
Պայքարո՛ւմ է ժողովուրդը թուրք —
Իսկ ինքը —
դի՛նջ:
Այնտեղ —
էնկյոլրից էրզըրում —
Պայքար է՝
Հաղթանակ կամ մահ, —
Իսկ ինքը —
Լողում է լույսերում,
Ու պարում է,
Ու խնդում հիմա:
Վառել է վարիյեթե, սինեմա,
Վիթրիններ, թեաթր ու օթել.
Հրճվո՛ւմ է պոռնիկի նման
Կոկետ:
Պարում է ֆոկսարոտ,
Տանգո,
Հագել է —
Ֆրենչ ու ֆրաք:
Նազում է —
ալաֆրանգա:
Ա՛խ:
— Զարգաց՛ել է, Ֆաթի՛հ, քո Պոլիսը.
Դու նրան դժվա՛ր թե ճանաչես:
Բայց—
Կարծում ես հեռո՞ւ է գնացել
Քեզանից —
— Չէ՛:
Փոխվել է միայն — արտաքինը:
Թե առաջ մի կին էր ոսկրոտ —
Նա հիմա — զարգացած մի տիկին է:
Սիրում է — մայոնեզ ու սինե…
Ու պարում է — ֆոկստրոտ…
III
Ստամբոլը պարում է — ֆոկստրոտ:
Պարում է — իհարկե Պերան:
Ու խնդում է —
Իհա՛րկե փոստով —
Մուստաֆա Քեմալի վրա:
Ընթերցո՛ղ,
Մտնում ենք Պերա:
Ահա Թոքատլյանը:
Այստեղ —
Ահա «Restaurant Splendid»
Մտի՛ր,
Թե կուզես տեսնել,
Թե ո՞նց է հրճվում էֆենդին,
Մի հնդիկ կառնի պալտոդ:
Մի խափշիկ — գլխարկդ, թե կուզես:
Կմտնես:
Երկնային մի հոտ
Զմայլած հոգիդ կհուզե:
Կոտի — Լորիգան է այդ հոտը.
Բայց դա հեչ:
Գիտե՛ս դա դու հո:
Կցնցե ջղերդ — ֆոկստրոտը.
— Թավջութակ,
Սրինգ —
ու դհոլ:
Հասկանո՞ւմ ես` այստեղ վիոլոնը
Խառնված թմբուկ– դհոլին
Երգում է —
քնքո՛ւշ պոլոնեզ…
Աստվածային օյին:
Զարկում է թմբուկը թաք-թաք,
Նվում է կողքին վիոլոնը:
Ու պարում են այդ հեշտին տակտով —
Պոլոնեզ:
Իսկ կինե՛րը…
Կինե՛րը…
Օ, կինե՛րը…
Հպվում են՝ այնքա՜ն մոտիկ…
Հրա՛շք են:
Շիք:
Հոգինե՛ր են:
Կամ Լորիգան-Կոտի…
Ու հոսում են շոգ շշուկները.
Խոսում են.
Լսո՞ւմ ես.
Իմացի՛ր.
Շրշում են շորերը,
Կոշիկները…
Համաձայն եք…
— Անշուշտ…
— Հիմա ձեր…
— Շրթունքները…
— Փաշա՛…
— Կմաշե՞ն…
— Ուզում եք հիսո՞ւն…
— Չէ, շա՛տ…
— Օ, ձեր ձայնը…
— Ձեր կոնքը…
— Ձեր կաշին…
— Փաշա՛…
Պարում է փաշան: Հեշտավետ
Ջազբանդը քանդում է հոգին:
Ուզում է.
Բայց ինչու շտապել…
Այնքան շա՛տ են.
Դեռ փաշան —
Կջոկի՛:
Իսկ փաշի կողքին — էֆենդին:
Ապա սիրը,
Մուսյոն.
Ու սինյորը…
Այստեղ կա թե՛ չին, թե՛ հնդիկ,
էֆենդին միայն — գուցե նոր է:
Ու կինե՛րը,
Կինե՛րը…
Ռի՛ժ կիները…
Ռուս կիները՝ բոլո՛րը պրինցուհի:
Թեկուզ թանկ են… գները,
Բայց արյունը — կապույտ է ու հին:
Պարում են սիր ու մուսյո,
Էֆենդի, հեռռ ու փաշա:
Հարբե՛լ են հարբեցնող մսով.
Միսը շա՛տ:
Ու հոսում են շոգ շշուկները:
Խոսում են:
Առնում են ու ծախում:
Հպվել են իրարու
ու շիկնել են:
Լսո՞ւմ ես.
— Ո՛ղջը ծախու:
Ծախվում է ամեն ինչ այստեղ:
Ծախում է —
ով ինչ ունի:
Համոզում է ֆոկստրոտը հեշտին,
Որ ծախեն ամենքը. —
Ի՞նչ…
Կինը —
Մարմինը.
Մինիստրը — հոգին:
Գի՞նը.
— Չնչի՛ն է.
Ջոկի՛,
Չխաբվե՛ս:
Մի գի՛ն է այստեղ:
(Այդպես է օրենքը Ստամբոլի) —
Մի գին են վերցնում այստեղ —
Թե՛ պոռնիկ,
Թե փաշա.
Թե — միտրոպոլիտ:
Զարմանո՞ւմ ես, ի՞նչ է, Չարե՛նց:
Օ, գլխարկդ հանիր:
Պարո՛ն,
Հասկանում ես`
Նայի՛ր՝
Դա իրենց
«Հիմնական օրենքն» է պարում:
Պարում է Հիմնական Սկզբունքը,
Որ կոչվում է Մասնավոր-Սեփական:
Պարում է՝ աչքեր ու հոնքեր
Ու մարմին ու սմոկինգ հագած:
Խոնարհի՛ր գլխարկդ,
Կռացի՛ր:
Օրե՛նքն է պարում սրահում:
Ջազբա՛նդն է նրանց, —
Ինտերնացիոնալը:
Նրանց հիմնը կյանքի
Ու մահու:
Ջազբանդը:
Նա դարձել է դեվիզ:
Լոնդոնից Նյու-Յորք ու Բեռլին
Ջազբանդ են պարում երևի
Ամեն մի Կուլիջ ու Չեմբեբլեն:
Իսկ Ստամբո՛լը.
Ստամբոլը, դե —
Ինչպես հոլը՝ նետված այնտեղից:
Քանի դեռ նստած է այստեղ
Բարեկիրթ էֆենդին այս դեղին:
էֆենդի՛,
Ֆրա՛ք եք հագել դուք:
Միայն ֆեսն է ձեր այդ, որ հնից է:
Բայց գիտե՞ք —
Սուլթան Ֆաթուն
Դուք մի փոքր, մի քիչ… արնակից եք:
Ստամբո՛լ:
Դու պարում ես ջազբանդ:
Դու ուտում ես բար-մայոնեզ:
Նետում եմ ես ահա, հուզված,
Իմ քնքուշ կոմպլիմենտը —
Քե՛զ: —
Ինչքան էլ մի պրոլետ-Համբո
Այս խոսքիս նախատինք խառնի —
Մի անո՛ւն դու ունես, Ստամբո՛լ. —
Միջազգային պոռնիկ:
IV
Հե՛նց այսպես,
Ինչպես այսօր:
Ճի՛շտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն
Մի փայտյա նավակի վրա:
Իհա՛րկե,
Բանկետ է եղել,
Պերայում եղել է կերուխում —
Երբ այնտեղ հրեշ մի դեղին
Խեղդել է արխադաշ Սուբխուն:
Հրճվել է Թագսիմի սինեման,
Թոքատչյանը, Սպլենդիդը եռուն —
Իսկ այնտեղ քսան խեղդամահ
Օրորվել են սև ջրերում…
Ինչ հե՛շտ է բարձրացել այդ օրը
էֆենդու «պա»-ն ֆոկստրոտում:
Երկնային մյուզիկ է ու օրոր է
Օրորել նստուկը օդում:
Իր հոգին այն օրը, օ, այն օ՜րը
Ինչ քա՛ղցր հույզեր է հինել…
Կարծես շեկ, մի շեկ Էլիենո՛րա
Տարել է
Իրեն
…Սինե:
Հե՛նց այսպես,
Ինչպես այսօր:
Ճիշտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն…
Բայց —
Լսո՞ւմ եք.
— Նրանք կա՛ն:
— Չմեռա՜ն:
Լսո՞ւմ եք, էֆենդի՛, փաշա՛:
Գոռում եմ էստեղից Բիթլիս.—
Դեռ կգա կարմիր ռեվա՛նշը:
Դեռ կգա — արխադաշ Սուբխին:
Հասկանո՞ւմ եք՝ նա, որ երեկ
Այստեղից քշեց Անտանտին —
Այսօր չէ էգուց —
Համբերե՛ք —
Ձեզ է՛լ կքշի, էֆենդի՛:
Կարծո՞ւմ եք նա Անտանտին
Իզմիրից թռցրեց Վոսփոր —
Որ այստեղ դուք, էֆենդի՛,
Հղփանաք ու պարեք ֆոկստրոտ:
Կպարե՛ն դեռ կակուղ ձեր մսերը,
Որ լողում են հիմա ֆոկստրոտում:
Դեռ կզգան մեր գգվանքը
ու սերը —
Մեր սրի համբույրը հատու:
Դեռ կգա Ալին նավաստի,
Դեռ կանցնի այս ցոփ Ստամբոլով,
Որ ուռած ձեր բկին նստի`
Եվ սրբի այս աղբը ձեր բոլոր:
Կհնձե՛ նա հունձը ձեր բերքի,
Կհարթե,
Որ տեղում ցանի նո՛րը:
Ու հետքը սուլթանի ձեռքի
Արնաթոր ճակատից երկրի
Կքերե —
Թուրք կոմսոմոլը…

By paruyrservak

ՄԱՃԿԱԼ ՍԱՔՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

(Պոեմ գեղջկական)

Քեզ համար եմ պատմում, գեղջո՛ւկ,
Խրատական զրիցը էս։
Ակա՛նջ արա, լա՛վ լսի դու,
Խելքի կտոր թե որ ունես։
Ռանչպա՛ր, ուշով լսի հիմի,
Թե ոնց քո էս ախպեր Սաքոն
Աղի համար գնաց կռիվ,
Կուռը կտրած ետ եկավ տուն—
Ու թե ընչեր արավ Սաքոն
Ու ո՞նց հասավ իր ուզածին—
Ու թե ընչի՞ մաճկալ Սաքոն
Դեմ է հիմի պատերազմին։

I

Մաճկալ Սաքոն իրանց գեղում
Իրա օրում ապրում էր խեղճ։
Գեղի ծերին ուներ մի տուն,
Էրկու թիզ հող վարելատեղ։
Էդ վարելու տեղն էլ որ կար—
Գեղից հեռու, քար ու քոլոտ։
Արտը հեռու, վարը դժար—
Աշխատում էր տարին բոլոր։
Ու աշունքին թե լավ ըլեր—
Մի չոր հաց էր իրան մնում,
Էդ չոր հացն էլ թե որ չըլեր—
Ուրիշի էր մշակ գնում։
Ինքը ջահել— երիտասարդ,
Տունը պառավ հեր ու նանի,
Քրտինք թափում գիշեր ու զօր—
Պահում էր տուն ու ընտանիք։

II

Էս օրումն էր մաճկալ Սաքոն,
Երբ գերմանու կռիվն ընկավ։
Ի՞նչ իմանար մաճկալ Սաքոն—
Ո՞վ է սարքում կռիվ ու դավ։
Ի՞նչ իմանար Սաքոն ռանչպար,
Թե ընչի՞ են կռիվ անում.
Շա՞տ էր տեսել իրա օրում
Էդ նեմեցին կամ գերմանուն։
Ինքը մենակ էն իմացավ,
Որ գզիրը եկավ մի օր,
Թուղթ է էկել քաղքից, ասավ,
Թե ջահելին տանեն զինվոր։

III

Ըլե՞լ է հեչ, որ զենք առնի
Ու հարուստը գնա կռիվ։
Դե հայտնի է սաղ աշխարքին,
Որ խեղճին են տանում կռիվ։
Էսպես էկան հավաքեցին
Գեղի քյասիբ-քյուսուբ խալխին.
Ռեսի1 տղին ձեռ չտվին—
Միկուն վերի ծաղի՞կն էր խի…
Բա գզիրանց թաղի Համբո՞ն,
Բա Մելիքանց Սե՞թը մեկ էլ…
Դե ով ուներ ծանոթ ու փող—
Սիպտակ բլեթ էր նրան էկել…

IV

Գեղի ծերին հերը կեցած՝
Ճանապարհ էր դնում տղին,
Սրտին հազար կրակ ու ցավ,
Սրտին հազար աղ ու լեղի։
Ու Սաքոյի վզովն ընկած
Մղկտում էր պառավ նանին
Ու անիծում վիշապ ու չար
Էդ նեմեցին ու գերմանին։
Ի՞նչ իմանար նանը պառավ,
Որ մեղ չունի գերմանն էդտեղ,
Որ հարուստն է խեղդում իրան
Ու էն խալխին՝ իրա պես խեղճ:

V

Ի՞նչ իմանար պառավ նանին,
Որ թե՛ գերման, թե՛ հայ, թե՛ ռուս
Ունևորն է իր թշնամին,
Ու հենց իրանց ռեսը տռուզ։
Որ դրանք են կռիվ քցել,
Խալխին հանել իրարու դեմ,
Որ իրարու արուն ծծեն—
Իրանք վրեն նստեն— ուտեն։
Որ գերմանու խեղճն էլ հիմի
Էդպես գրկած իրա նանին՝
Լաց է ըլում աղի-աղի,
Որ զրկում են իրան բանից։

VI

Մնաս բարով ասավ Սաքոն
Իրա պառավ ծնողներին։
Մտիկ տվեց աչքի տակով
Վերջին անգամ իրանց գեղին։
Տեսավ՝ էնտեղ գեղամիջին
Միկուն նստած կապույտ մի ձի,
Ուրախ-ուրախ, թամքին խուրջին՝
Արտն է գնում հրեն հնձի…
Ու ետևից տեսավ ռեսին
Չուխեն հագին, տեսքը գոռոզ,
Հրաման էր տալիս տղին,
Հետն էլ ցնցում փորը տռուզ։

VII

Էսպես Սաքոն տխուր մի օր
Կռիվ գնաց գերմանու դեմ,
Գեղում մնաց հերն հալիվոր,
Պառավ նանին մնաց անտեր:
Էստեղ հարուստ ռեսը էկավ,
Բռնեց յախից Սաքոյի հոր՝
Դու էլ մի խեղճ մարդ ես, ասավ,
Տղեդ սալդաթ, դու հալիվոր։
Ղրկեմ, ասավ, մշակներին
Արտդ հնձեն, բերեն քո տուն։
Մշակներն էլ էնպես բերին,
Որ մի բուռ էր արտը բիթուն։

VIII

Էս ժամանակ Սաքոն ֆռոնթում
Թոփ էր քցում խալխի վրա։
Մեկ էլ, ըհը, դեմից մի թոփ
Թռավ — էկավ, դիպավ նրան։
Ընկավ Սաքոն արնակալած
Ու շուռ էկավ հողը գլխին,
Ու թե շունչ կար փորում հալա—
Էն էլ փչեց, կտրավ լեղին։
Ու չիմացավ Սաքոն էլ բան,
Միայն ոնց որ էրազի մեջ՝
Տեսավ նանին՝ վրեն չոքած
Կժով ջուր էր տալիս իրեն…

IX

Աչքը մեկ էլ բացեց Սաքոն—
Պիտերում էր, լազարեթում,
Կուռը կտրած, անտեր ու որբ՝…
Էստեղ բերին, տվին մի թուղթ։
Կարդաց Սաքոն ու իմացավ՝
Հերն էր նամակ գրել գեղից,
Սիրտը կալեց արցունք ու ցավ
Ու ետ՝ փորում կտրավ լեղին։
Էն էր գրում պառավ ապին,
Թե ոնց ռեսը հունձքը կերավ
Ու հետո էլ, նոր գարունքին
Նստավ իրանց հողի վրա։
Ու թե պառավ նանին մեռավ,
Ինքն էլ անտեր ու հալիվոր՝
Մուրացկան է գեղում իրանց,
Թող փող ղրկի՝ ունի թե որ…

X

Գիրը դրեց Սաքոն մի կողմ
Ու լաց էլավ էստեղ մեկ էլ։
Ու միտք արավ մաճկալ Սաքոն,
Թե ընչի՞ է կռիվ էկել։
Ո՞ւմ համար են հավաքում էդ
Քյասիբավոր, բանվոր խալխին,
Կռիվ քցում իրարու հետ,
Արուն կապում սաղ աշխարքին։
Ու թե ընչի՞ էդքան հանգին,
Էդքան տռուզ աղեք հազար
Ընենց չելավ՝ ֆռոնթ գային,
Կռիվ տային հետ-հավասար։

XI

Ու միտքն էկան հազարավոր
Էն տղերքը իրանց պոլկի,
Դիփը քյասիբ-աշխատավոր,
Գործը թողած՝ էկած զորքի։
Ո՞վ է, ասավ, քշել դրանց
Իրանց տնից, գործ ու կարգից,
Էսպես տվել սրի բերան՝
Հեռի մարդից ու աշխարքից։
Ո՞վ է դրանց տվել պատրոն,
Բերել— քցել սար ու չոլեր—
Հազար թոփի, պուլեմետրի,
Հազար–հազար թվանքի կեր…

XII

Լազարեթում ընկած էսպես
Միտք էր անում Սաքոն։
Մի օր էկան ասին թե՝ ո՜ղջ ըլես,
Չկա էլ թագ ու թագավոր։
Ասին՝ ռսի հողի վրա
Ազատութեն հիմի պտի…
Լավ է, ասավ Սաքոն իրան
Ու դուրս գրվեց լազարեթից։
Ոնց որ մորութ թազա ծնած
Քուչա ելավ Սաքոն թիլ-թիլ.
Քուչում բան չէր փոխվել հալա,
Նայող չկար քյասիբ մարդին։

XIII

Թագավորը դուզ է, չկար,
Համա նրա տեղը թախտին
Նստել էին թե եներալ,
Թե ափիցեր— հարուստ մարդիկ։
Չէր վերջանում կռիվն էլ ետ,
Էլ ետ զորքին քշում ֆռոնթ,
Էլ ետ ախպեր-սալդաթի հետ
Խոսում էին շառ ու զոռով։
Ելավ Սաքոն, գնաց դիվան,
Թե ապրուստ տան, խարջ տան փորի—
Ըսկի ռեխին նայող չելավ
Ու ուշք դնող նրա օրին։

XIV

Ման էր գալիս էսպես քաղցած
Սաքոն էդ մեծ քաղքի միջին։
Ու մի օր էլ ասին՝ հեռվանց
Մարդ է գալիս— «ընկեր Լենին»։
Ասին՝ ինչքան աշխատավոր,
Ինչքան բանվոր, ռանչպար որ կա—
Էդ բոլորի մեծն է Լենին,
Էդ բոլորի առաջնորդը։
Ինչ բանվոր կար էդ մեծ քաղքում—
Դիփը վակզալ գնաց, որ էն
Լենին ասած ընկեր մարդուն
Պատիվ բռնեն, դիմավորեն…

XV

Ելավ ինքն էլ գնաց վակզալ։
Առաջ անցավ սալդաթ Սաքոն։
Էդ սհաթին պոեզն էկավ,
Պոեզի մեջ քսան վագոն։
Ու դուրս էկավ ընկեր Լենին,
Բանվոր խալխը տվավ ուռա։
Սաքոն խառնեց նրանց ձենին
Ըռնչպարի ձենը իրա։
Ու երբ մի քիչ ձենը կտրավ—
Խոսեց Լենին ժողովրդին,
Ու ետ էնպես խոսքեր ասավ,
Որ ջուր խմեց դիփի սրտից։

XVI

Մինչև հիմի, ասավ Լենին,
Աղի համար կռիվ արիք,
Հիմի վախտն է, որ ձեր սվին
Շուռ տաք էլ ետ՝ դեմ տաք աղին։
Ասավ՝ բուրժո՛ւյն է թշնամին
Կռիվ ղրկած բանվոր խալխի.
Նա՛ է խմում արյունն հիմի
Ժողովրդի ու աշխարքի։
Ձեզ կռիվ է ղրկել, ասավ,
Ձեզ պես հալալ բանվորի դեմ,
Որ ձեր ձեռով տիրե աշխարք,
Դուք կոտորվեք— ինքը ուտե։

XVII

Էլ վերջ, ասավ ընկեր Լենին,
Էս արնախում պատերազմին.
Պատերազմը ներսում պտի,
Որ բուրժույի հոգին հանի։
Ի՞նչ ունենք մենք սալդաթի հետ
Ըլի նեմեց, ըլի ռսի.
Ամեն սալդաթ հալա տգետ
Ու բուրժույի ձեռին եսիր։
Մենք բարև ենք ղրկելու էդ
Գերման զորքին ու բանվորին,
Որ վեր կենա բուրժույի դեմ,
Քցի նրան ու տրորի…

XVIII

Խաղաղութե՜ն ֆռոնթում, ասավ,
Կռի՜վ ներսի բռնավորին.
Հարըստի հետ անենք հեսաբ
Ու տա՛նք նրա տռուզ փորին։
Ու երբ, ասավ, հեսաբ արինք
Ու բուրժույի մահը տեսանք—
Հողը կտանք ըռանչպարին,
Բանվորներին զավոդ ու հանք։
Ել վե՜ր, ասավ ընկեր Լենին,
Ու բուրժույի հաշիվը տե՛ս,
Կռիվն է էս, ասավ, վերջին—
Բանվոր խալխի կռիվը մեծ…

XIX

Էսպես ասավ Լենինն իրանց։
Լսեց Սաքոն ու հասկացավ։
Միտը էկան նանը մեռած,
Հերն հալիվոր, կրակ ու ցավ։
Միտը բերեց Սաքոն մեկ էլ
Ռեսանց հրեշ— բռնավորին.—
Ասավ՝ գնամ ետ գեղը մեր
Ու տամ խշտով նրա փորին։
Պոեզ նստավ էդ օր Սաքոն,
Էկավ–հասավ գեղը իրանց,
Մտիկ արավ աչքի տակով—
Քար չէր մնացել քարի վրա…
Ո՛չ հեր կար էլ, ո՛չ մեր, ո՛չ տուն,
Հողն էլ ռեսանց տղի ձեռին.
Էդ էր դատել մաճկալ Սաքոն
Ի փոխարեն կտրած կռի…

XX

Գնաց Սաքոն աչքը արուն
Ու ձեն տվավ ռեսանց ցեցին.
Մտածել էր ճանապարհին,
Որ մի քացով նրան քցի։
Բայց դեմ ելավ էդտեղ նրան
Տռզած ադեն տանուտերի՝
Հնպարտ կեցած դռան վրա,
Ձեռը դրած մաուզերին…
Ռեսանց տղա Միկուն էր էդ,
Որ տնումը նստել հանգիստ,
Կերել, խմել— ու հիմի էլ
Դարձել էր ցեց— մաուզերիստ։

XXI

— Հը՞, մե՞ր տղա, արի մի դե՛ս,—
Ասավ հնպարտ տղեն ռեսի.
Քո սաղ կռից վախեցել չեմ—
Պտի վախեմ հիմի կեսի՞ց…
— Բա մեր հո՞ղը… ասավ Սաքոն.
— Հո՞ղ,— քրթմնջաց ռեսի տղեն.—
Ընենց մի հող հիմի տամ քեզ,
Որ քեզ համար լավաշ թխես…
Քանի թեզ է գնա՛, ասավ.
Մտի՛կ արա, ասավ, ձեռի՜ս…
Ու ձախ ձեռը բեղին տարավ,
Աջը դրավ մաուզերին։

XXII

Թողեց Սաքոն գեղը իրենց,
Փախավ դաշնակ մավզերիստից,
Էկավ Գյումրի քաղաքը մեծ,
Որ էստեղից մաշին նստի—
Գնա նորից Մոսկով քաղաք,
Ուր օրենք էր սավետական,
Ուր էլ չկար ռես ու աղա,
Ոչ էլ դրանց նման մի բան։
Ուզեց Մոսկով գնա էլի,
Անցնի էլ ետ ճամփեն դժար,
Տեսնի թե ի՞նչ կասի Լենին
Հայաստանի խալխի համար…

XXIII

Գյումրի էկավ Սաքոն գեղից
Ու Գյումրըվա վակզալի քով
Ըռաստ էկավ մի լավ տղի,
Հետը զրից արավ խելքով։
Բանվոր էր էդ ծանոթ տղեն,
Պարավոզ էր ռեմոնտ անում,
Ճանաչում էր հալա գեղեն
Մեր Սաքոյին, հորը, նանուն։
Զրից արին սրտանց։ Մեկ էլ
Էս բանվորը, թե՝ հա՛, շուտով
Տի դաշնակի յախից բռնեն,
Որ սավետի ըլի հետո…

XXIV

Ու ցույց տվավ բանվոր տղեն
Էդ դեպոյի դեսը մի քիչ,
Ոնց որ վիշապ էրկաթեղեն՝
Բրանեվոյի1 պոեզը մեծ։
Մե՛րն է, ասավ, Սաքո՛ ախպեր,
Ըստեղից ենք նշան տալու…
Դու էլ մնա, ասավ, մեզ հետ—
Էլ իզո՛ւր ես Մոսկով գնում…
Մնաց Սաքոն։ Մի շաբաթ անց
Բրանեվոյի վրից մին էլ
Հարայ տվին, քշեցին ցած—
Դե դաշնակն էլ հո չէ՞ր քնել։

XXV

Կռի՜վ, կռի՜վ դաշնակներին,
Իշխանութեն սավետական…
Սաքոն ինքն էլ գնաց կռիվ,
Չնայած որ կուռը չկար։
Մի քանի օր Գյումրի քաղքում,
Բայազեթում, Կարսա բերդում
Կարմիր բայդաղ տեսավ Սաքոն,
Սավետական իշխանություն…
Բայց հալա տես, որ ըռանչպար
Խալխը՝ եսիր ցեց դաշնակին՝
Հասկանում չէր սավետական
Իշխանության կարգը կարգին։

XXVI

Սեպուն էկավ իրա զորքով,
Մավզերիստներ բերավ հազար,
Կռիվ էղավ էդտեղ հինգ օր,
Հինգ օր էսպես տվին իրար։
Կռիվ տվին մերոնք հինգ օր,
Վերջը քաշվան Ղազախու սար.
Էդ օրվանից մաճկալ Սաքոն
Բալշևիկ էր, կուսակցական,
Ու բալշևիկ տղերանց հետ
Գնաց Բաքու ու մի տարի
Չանցած՝ էկավ իրանց գեղ ետ,
Որ տա ռեսանց տղի փորին…

XXVII

Էկավ— գեղը էն չէ՞ր հո էլ.—
Աղքատ խալխը ելել ոտքի—
Ոչ Միկիչ էր գեղում թողել,
Ոչ դաշնակի մռութ ու քիթ։
Հարուստներից ով մնացել—
Մաճկալ Սաքոն հախից էկավ,
Ու հաստատվեց էդ գեղում էլ
Իշխանութեն սավետական։
Շինականը կպավ գործի
Ու պատերազմ չկար էլ ետ—
Ոչ ինգլիզի, ոչ էլ նեմցի
Ու կամ թուրքի, վրացու հետ։

XXVIII

Հիմի Սաքոն իրանց գեղում
Նախագահ է գեղխորհրդի։
Վախտ-վախտ նստում գիր է գրում
Ռանչպարական «Մաճկալ» թերթին։
Ու թե գեղում խոսք է ըլում
Պատերազմի-բանի մասին—
Նա միշտ էն է զրից անում,
Թե ի՞նչ ասավ ընկեր Լենին։
Ռանչպա՛ր, դու լա՛վ լսի նրան,
Մտի՛կ արա կտրած կռին,
Ու թող ըլի էլ քեզ խրատ
Էս Սաքոյի զրիցը հին։

XXIX

Մաճկալ Սաքոն էլ քեզ խրատ,
Էս զրիցն էլ քեզ օրինակ։

Մենք շառ չունենք խալխի վրա,
Ոչ էլ կռիվ ու պատերազմ։
Համա թե որ էկան մեր դեմ
Բուրժույները, կռվեն միթամ—
Կարմիր Բանակ հիմի ունենք,
Դրանց ռեխին մի լավ կտանք։
Մահ թշնամուն հիմի հարուստ,
Մեր տերության վրա թե գան—
Բանվոր խալխին խաղաղ ապրուստ,
Իշխանութեն սավետասան…

1924

By paruyrservak

Կապկազ (Թամաշա)

Տեսարանը բեմ է, բեմի վրա —
թամաշա շանց տվողը՝ Ղարան է
ՂԱՐԱ
Ընկերնե՛ր,
Էս ես եմ սարքե ձեզ համար:
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ:
Ոչի՛նչ,
Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին,
Ինչերիդ է էսօր հարկավոր
«Դատաստան»,
«Զանգ ջրասույզ»:
Էդպիսի խոսքեր ճռճռան,
Էդպիսի շորեր մե թավուր,
Ձեր պա՞պն է տեսե երազում:
Հասկանո՞ւմ եք.
Ասենք թե մե օր
Էդպես են պաչե-պաչպչե,
Էդպես են համոզե իրար.
սիրեկանն ասել է՝ հա,
Աղջիկը` չէ՛:
է՛.
Էլ ինչո՞ւ են շանց տալիս հիմա
Էդ բոլորը Փափազն ու Օրին.
Որ ի՞նչ,
Թո՛ղ”
Թող լիզեն իրար,
Թող պաչեն-պաչպչեն ոնց կուզեն:
Հասկանո՞ւմ եք.
Կյա՛նքը
Էդպես էր առաջ.—
Ուտել,
Պաչել,
Բզել:
Կյանքը:
Հա՛ :
Էդպես էր առաջ:
Ծորում էր՝ յուղ, պանիր, շոկոլադ, շաքարե
հրեշտակ մեջը սեր:
Բայց ո՞ւմ,
Ո՞ւմ կյանքն էր էդպես շաքարած.—
Իհարկե՝ ո՛չ իմ, ո՛չ ձեր:
Իհարկե,
Չասեք թե չկա
Էդ բոլորը կյանքում մեր էսօր:
Էդպես է սիրում,
Համոզում,
Էդպես է պաչում էսօ՛ր էլ իր «սրտի
սիրած աղջկան»:
Ամեն մե կնյազ,
Դուքընչի,
Ամեն մի գիմնազիստ քոսոտ:
Հենց նա՛ էր,
Կամ իրա քեռին,
Կամ ախպերը,
Կամ քեռու տղեն,
Որ երեկ թքում էր մեր ռեխին,
Ասում էր մեռի,
Կամ գաթա թխե, որ ուտեմ:
Էդպե՞ս էր.
չէ՞.
Իսկ էսօր,
Ծակն է մտե:
Էլ չկա:
Յոխտուր:
Փաս: —
Էս մասին է հենց սա գրած:
Բա՞ս:
— ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ—
(Ինտերնացիոնալ)
ՂԱՐԱ
Ինտերնացիոնալից հետո խոսում է
ձեռով-ոտով.
Ընկերնե՛ր:
Մեր,
Հենց էս մեր
Կապկազում-հիշո՞ւմ եք ոնց էր -չէ .
Որ ասեմ — վախենամ խնչեք:
Ընչի՞.
Չունքի որ տեր էին էստեղ` հայ, ռուս,
թուրք, վրացի կնյազը, խանութպանը,
տերտերը, աղամելիքը,
վարժապետը, մոլլան, հարբած
դոլքընչին:
Կամ—
Հենց էս մեր թառռոնը պետական.
Ի՞նչ էր առաջ.
Հիշո ւմ եք «պառ-լա՛-մե՛նտ»:
Այսինքը…
Ո՞նց ասեմ…
Նո՞ւ.
«Երկու տիրոջ ծառա»—
Համ է՛ս, համ է՛ն:
Հիմի՞:
Հիմի, դե, էս շենքում-պետական
Թառռոն է, Կապկազում-սավետ.
— Ո՞նց եղավ բա էդ.
Էս բոլորը ո՞նց եղավ աբա:
Հենց է՛ս է, որ շանց պիտի տանք.
Բա՞:
Թող նայե հիմի ով կուզե.
Թող նայեն թե մարդ, թե կին:
Բավական է էստեղ ձեզ հուզեն
Միմոսով, քինով, անհայտ տիկինով,
Ծծերով տկլոր մի էգի:
Հասկացա՞ք:
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան —
Հայ,
Ռուս,
Թուրք,
Վրացի,
Խանութպան,
Տերտեր ու փաշա:
— Թառռո ն:
Չէ մի չո՛ռ:
Կախաղա՛ն:
— Ցի՛րկ:
Թամա՛մ թամաշա:
Ի՞նչ է.
Սովոր էին
Էս բեմում երևալ թագով:
Թո՛ղ,
Թո՛ղ գան Փափազն ու Օրին
Ձեզ համար խաղան ղարագյոզ…
(էստեղ տալիս է զանգը Ղարան,
հետո՝ ետ գալիս կանգնում է
ժողովրդի առաջ):
ՂԱՐԱ
Էստեղից սկսվում է թամաշեն:
Չորս աչքով աշե՛ք:
Տեսնո՞ւմ եք.
Բեմը —
Դատարկ է, բան չկա.
Ոչ անտառ,
Ոչ օթաղ,
Ոչ էլ ուրիշ դեկոր:
Մենակ մե զանգ վերից քաշ է տված
թոկով:
Դեմը մեկ էլ — մե չարխ,
Որ դառնում է հաճախ.
Փոխում է գույնը՝
Սև է,
Դառնում է ալաճա,
Հետո — կապույտ,
Դեղին—
Նայած տեղին:
Ամա թե էդ չարխը ներկած —
Դեպի աջ շուռ գա կդառնա ճերմակ,
Դեպի ձախ — կարմիր.
Մե խոսքով շուռ գալն էլ չարխի—
Մեկ է թե շուռ գալն աշխարքի:
Ընկերնե՛ր:
Էս մեկը լա՛վ հասկացեք:
Աշխարքում — էրկու ռանգ կա միշտ.
Մեկը —
Նրանցը —
Բոզ, կապույտ, դեղին, ալաճա,
գինեռանգ կամ սև
Մե՛կ է:
Մերը — կարմիր:
Հասարա՞կ է:
Ըլի՛ հասարակ:
Աշխարքն էլ էսպես է միշտ էղե:
Ի՞նչ.
Ուրի՞շ մասալ են ձեզ արած…
Սո՛ւտ է:
Ձեր գլուխն են եղե:
Մենք հիմի շանց կտանք խալխին
Էդ բոլոր խաղերը լկտի…
Դեպի բեմը
Է՛յ,
Փաշա՛,
Տերտե՛ր,
Խանութպա՛ն, —
Բե՛մ ելե՛ք դե:
Էս խոսքերի վրա չարխը դառնում է
արագ: — Դրսում` աղմուկ, հարայ-հրոց,
ուռռա: Ղարան քաշվում է մե կողմ.
մտնում են աղմուկով — հայ, թուրք,
ռուս, վրացի, կնյազ, աղամելիք,
չարչի, մոլլա, գյուղացիք ադվակատ,
կոշկակար, վարժապետ, մուսավաթ,
դաշնակ, մենշևիկ, կադետ — ամեն
տեսակ մարդիկ: Մե խոսքով` ով որ
կար, չկա, կա դեռ: Ղարան բերում
դնում է մի դատարկ տակառ, ինքը
կանգնում է վրան:
Ընկերնե՛ր:
Երեկ
Մեր թագավոր Կոլին թռցրել են թախտից:
Ընկել է գլխիվեր, ոնց որ լխկած դդում:
Ընտրված է ժամանակավոր կառավարություն:
Բոլորը մեբերան` աղմուկ, հարայհրոց, ուռռա:
Ղարա ժողովրդին.
է,
Հիմի ես գնամ էստեղից` թող իրենք
խաղան:
Մենշևիկ թռչում կանգնում է տակառի վրա:
Ես — նախագահ:
Լսեցե՛ք:
Թագավորը չկա.
Մենք
Հիմի
Ամենքս
Տնով — տեղով
Ընտրելու ենք էստեղ սահմանադիր ժողով:
Ընկերնե՛ր:
Ում պիտի ընտրեք:
Իհարկե նրան, ով խոստանում է ձեզ տալ
Հաց, ջուր, տուն, 8 ժամվա աշխատանք,
տոն օրերին փստա:
Ամխանագեբո՛ -չվենի —
Ձայն տվեք No առաջինի՛ն…
ՄՈԻՍԱՎԱԹ հրում գցում է սրան՝ ինքը կանգնում է
տակառի վրա:
Յոլդաշլա՛ր,
Չհավատաք իթին:
Ինչների՞դ է փստան:
Փըս-տա՛…
Չէ մի զար-զահար-զահրումար-ֆլան — ֆստան:
Ուզո՞ւմ եք ձեզ տան լո՛ւ-լա՛-քյա-բա՛բ, փի՛-թի՛, —
Ձայն տվեք Մուսավաթի՛ի՛ի՛ն:
Յա՛ ,
Մուսուլման յոլդաշլա՛ր:
Յաշասըն հուրիաթ,
Մուսավաթ,
Աղալաթ —
Յաշասըն միլլա՛թ:
ԴԱՇՆԱԿ գցում է սրան, ինքը կան գնում է տակառի վրա:
Է՛յ,
Սիրելի մոլլա՛ —
Ուզո՞ւմ ես սիլլա՛
Փի՛-թի՛…
Է՛ս է կգա քթիդ:
Ի՞նչ.
Ադալա՞թ…
Թուրքին քշենք հալա —
Հետո ադալաթ:
Ընկերնե՜ր,
Առաջ հալա տանք ռեխին դրսի,
Հետո ներսի.—
Ձա՜յն տվեք ¹ չորսի՛ն…
Էս Ժամանակ կողքից գալիս են հաը,
թուրք, ռուս, վրացի խոխեք՝ բանվոր—
զինվոր տղեք: Կրծքները բաց, ամեն
մեկը Մասիս կամ Ղարադաղ
ձեռքներին կարմիր բայդաղ: Կնյազ,
մոլլա, աղամելիք չարչի,
վարժապետ, մենշևիկ, մուսաքութ,
դաշնակ.
Ա՛խ —
Վախից թափվում են գետին, հետո կամաց-կամաց քաշվում
կանգնում են
մեդի:
ԲԱՆՎՈՐ թռչում կանգնում է աթոռի վրա:
Տավարիշչի՛,
Ընկերնե՛ր,
Ամխանա՛գեբո,
Յոլդաշլա՛ր:
Թագավորը հե՛չ:
Թագավորը որ կար —
Էդ մեկ է թե — մոլլա մուղսի,
Կնյազ Բեբութով,
Դուքընչի Մարգար:
Այո՛:
Թագավորը որ կար — ինչո՞վ էր թագավոր.
Նրանով, որ ուներ՝
Կնյազ քեռուտղա,
Մոլլա խնամի,
Դուքընչի քավո՛ր:
Էդպես չի՞…
ԲՈԼՈՐԸ մեբերան.
ԿՈՐ-ՉԻ՛ —
ԿՈՐ-ՉԻ՛-ԿՈՐՉԻ՛:
ՄԵՆՇԵՎԻԿ մոտենում է կամաց, ձեռաց խառնվում է
բանվոր տղերանց:
ԴԱՇՆԱԿ ետևից գալիս բռնում է Մենշևիկի թևից:
ՄՈՒՍԱՎԱԹՆ էլ կամաց մոտենում է իբրև թե ակամա:
ԲԱՆՎՈՐ ուզում է շարունակի ճառը:
ՄԵՆՇԵՎԻԿ, ԴԱՇՆԱԿ, ՄՈՒՍԱՎԱԹ
Ուռռա՛, ուռռռա՛, ուռռռռա՛ա՛ա՛ա՛:
ԲԱՆՎՈՐ միամիտ, հալած յուղ կարծելով դրանց փչած
քամին.
Ճի՛շտ է…
Դրանք մեբերան.
Ճի՛շտ է, ճի՛շտ, ճի՛շտ է:
ԲԱՆՎՈՐ ոգևորված
Տավարիշչի՛ :
Էսպե՛ս:
Թագավորը չկա:
Հիմի պետք է, որ մենք
Թռցնենք —
Նրա քեռուն, տղին, թոռին, ծոռին,
քավորին, քավորի աղջկան:
Տավարիշչի՛,
Կորչի՛ն
Մոլլան, տերտերը, կնյազը,
բուրժուազին, չարչին:
ԲՈԼՈՐԸ մեբերան
ԿՈՐՉԻ՛Ն-ԿՈՐՉԻ՛Ն-ԿՈՐՉԻ՛Ն,
ՄԵՆՇԵՎԻԿ էստեղ սիրտ առնելով մե քիչ` խոսում է
ժպիտը դեմքին.
Ընկե՛ր բանվոր,
Ե՛ս եմ:
Կարելի՞ է խոսեմ…
Առանց սպասելու որ ասեն՝ սկսում է խոսել:
Տավարիշչի՛.
Ճիշտ է.
Թագավորը որ կար—
Ընկեր բանվորի ասածի նման` լիրբ էր,
մեր արյունն էր ծծում, բորենի էր ագահ:
Թագավորը չկա:
Բայց ի՞նչ: —
Ընկեր բանվորի ասածի նման՝ կենդանի են կնյազը,
վաճառականը,
աղամելիքը, չարչին:
Ճի՛շտ է. նրանք են մեր թշնամին հիմի:
Բայց դուք—
Մոռանում եք, որ կա-արտաքին թշնամի`
Նեմե՛ց,
Թուրք:
Դուք գիտե՞ք, որ դրանք թե գան`
Թագավորին նորից կնստացնեն թախտին:
Ի՞նչ կմնա—
Էլ ի՞նչ…
Ոսկի ձկնիկի առակը գիտե՞ք.—
Նո՛ւյնը կլի:
Էս խոսքերի վրա` չարչին վարժապետը, ադվակատը,
կնյազը,
աղամելիքը հավաքվում են էլի:
Խառնվում են իրար, աղմուկ, հարայ — հրոց, ուռա:
N 5 այսինքը ԲԱԼՇԵՎԻԿ
Տավարիշչի՛:
Սո՛ւտ է.
Թե որ թողնենք` սրանք մեզ հենց հում-հում կուտեն:
Էստեղ ԴԱՇՆԱԿ
Հայրենակիցնե՛ր:
Սո՛ւտ է:
Առաջ դեռ հալա թուրքին քշենք Իզմիր —
Հետո,
Կամաց-կամաց,
Թե կուզեք -կհասնենք սոցիալիզմի:
Էստեղ դրսից աղմուկ: Գալիս է զինվորի ձենը՝ զիլ ոնց որ
ձեն քամու:
Տավարիշչի՛:
Էլ չե՛մ ուզում կռվեմ:
Դալո՜յ-դալո՞յ-դալո՛յ:
ՁԱՅՆԵՐ
Ո՞նց թե…
ՁԱՅՆԵՐ
Ընչի՞…
ՁԱՅՆԵՐ
Լա — իլ — լա հ — ուլ-Ալլահ:
ԱՐՁԱԳԱՆՔ
Հայ — հո՛ւո՛ւո՛ւ…
Էստեղ դիմացեն իմացեք գալիս է զինվորը ռուս, էն որ առել
էր Վան, Բիթլիս, Երզնկա, Տրապիզոն, Էրզրում:
ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛,
Լսե՛ք.
Հիմի գնում եմ ես,
Որ խշտիկով քշեմ բուրժուազին թախթից.
ՁԱՅՆԵՐ
Լսե՛ք — լսե՛ք -լսե՛ք:
ԶԻՆՎՈՐ
Ամեն ազգ ինքն է տեր
Հիմի իրա բախտի:
Էս խոսքերի վրա՝
ԿՆՅԱԶ
Յաշասը՛ն:
ԱՂԱՄԵԼԻՔ
Գաումարջո՛ս:
ՄՈՒՍԱՎԱԹ
Ուռռռա՛ա՛ա:
ԿԱԴԵՏ
Հայ զահրումա՛ր:
ՁԱՅՆԵՐ
Ի՞նչ է որ…
ՁԱՅՆԵՐ
Ի՞նչ…
ՁԱՅՆԵՐ
էլ ի՞նչ…
ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛,
Ես
Գնում եմ է ստեղից:
Թողնում եմ ձեզ էլի՝
Գյուղ, քաղաք, հող, թոփ, թվանք,
թուր, երկաթուղի:
ՁԱՅՆԵՐ
Լսե՛ք, լսե՛ք,լսե՛ք:
ԶԻՆՎՈՐ
Էս բոլորը մենք — զոռով ենք վերցրե,
Էս բոլորը — ձեզ.
Ձե՛րն է եղե,
ԿՆՅԱԶ
Կեցցե,
ԱՂԱՄԵԼԻՔ
Կեցցե տղեն:
ԶԻՆՎՈՐ
Եղբայր ենք մենք հիմի:
Ամեն ազգ ի՛նքն է տեր իրա կալին,
կթին:
Էստեղ վազում է ջուրը — մոլլի, կնյազի, աղամելիքի,
մուսավաթի քթից:
ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛:
Դե,
Մնաք բարո՛վ հիմի:
Թողնում ենք, ոնց որ կա, ձերը ձեզ:
Խնդրում ենք լավից-վատից ձեր
եղբայր զինվորին — ներեցեք:
Վերցնում է զենքը միամիտ,
Դառնում է, որ գնա Ռուսեթ, ետևից մոլլան ու մելիքը
նայում են խեթ:
ԱՂԱՄԵԼԻՔ
Խփե՞նք…
ՄՈԼԼԱ
Խփե՞նք:
ԿՆՅԱԶ
Խփենք:
ՄՈԼԼԱ — նշան է անում.
Լա-իլ-լա՛հ:
ԿՆՅԱԶ
Գլխին տանք` մայրիկը լա:
Էստեղ աղամելիքը զինվորին խփում է քացով, խլում է
զենքը ձեռից. նրան օգնում է ետևից իրա կնյազ — քեռին:
ԲԱՆՎՈՐ թռչում է վրա.
Ո՞ւմ եք խփում, լրաբե՛ր:
ԿՆՅԱԶ ձեռքով խփում է գլխին.
Ցի՛ց, մասխարա՛,
Քո գործը չէ՛.
Լռի՛ր:
ԱՂԱՄԵԼԻՔ ինքն էլ խփելով բանվորի գլխին.
Լա՛վ է ասում քեռին:
Էստեղ մեր ընկեր բանվորին օգնության են գալիս մյուս
տղերքը դեմից, բայց մոլլան, վաճառականը, կնյազը,
դուքանչին՝ մե խոսքով մենշևիկը, դաշնակը — մուսավաթը
նրանց քշում են բեմից:
ԿՆՅԱԶ ինքը հաստ ու կոլոտ, բեղերը ցից ու սուր, խոելիս
գինու պես կչկչում է լեզուն:
Ամխանագեբո՛ մոլլա ու չարչի:
Տավարիշչի՛:
Ռուսը ա՛րարիս-մեռավ:
Բոլորը մեբերան
Ուռռա՛, ուռռռա՛, ուռռա՛ա՛ա:
ՄՈԼԼԱ
Լա-իլ-լահ:
ԿՆՅԱԶ
Խոսքը ձերն է, ամխանագո՛ մոլլա:
ՄՈԼԼԱ ելնում կանգնում է տակառի վրա:
Աղալա՛ր:
Ուռուսը որ կար — հերն էր մեր մեծ՛
Մեռավ:
ժառանգություն թողեց — հողեր, գյուղեր, տեղեր, թոփ,
թվանք, զենք:
Մենք—
Որդիներն ենք նրա.
Եկեք էդ բոլորը կիսենք:
ԴԱՇՆԱԿ գլխի դեռ չի ընկել, խոսելիս մոլլին ասում է
ընկեր:
Ո՞նց թե, ընկե՛ր մոլլա:
ՄՈԼԼԱ
Դո՛ւ ես ընկե՛ր, հայվա ն:
ԱՂԱՄԵԼԻՔ
Շո՛ւն:
Գյավո՛ւր:
Ի՛թ,
Ձեռքը վեր է քշտում՝ ուզում է խփի դաշնակի քթին:
ՄՍՆՇԵՎԻԿ աղամելիքի թևը քաշելով.
Վախտը չի , կացո՛ , վախտը չի՛:
Մոլլին քաշում է վար՝ ինքը կանգնում տակառի վրա:
Ամխանա՛ գեբո ,
Չարչի՛, մոլլա՛, մելի՛ք,
Ինչքան էլ գզգզենք իրար — եղբայրներ ենք
էլի:
Հիմի լսեք-ասեմ.
Էս բոլոր դավին դառաբեն վճռելու համար
Եկեք կառավարություն հիմնենք`
Անունը Սեյմ,
ԴԱՇՆԱԿ
Ո՞նց թե, ընկեր կնյազ:
ՄԵՆՇԵՎԻԿ
Շա՛տ հասարակ:
Մեզնից-ես,
Ձեզնից — դու,
Նրանցից մելիքը կամ մոլլան…
ԲԱՆՎՈՐ, որ նորից եկել է առաջ.
Բաս մե՞նք,
Տավարիշչի՛,
Ընկերնե՛ր,
Յոլդաշլա՛ր:
ԱՂԱՄԵԼԻՔ խփում է գլխին,
էլի՞ —
ԿՆՅԱԶ օգնում է նրան.
Կեցցե՛ս, աղամելիք:
ԴԱՇՆԱԿ խփում է բանվորին քացով:
ՄԵՆՇԵՎԻԿ ոգևորելով դաշնակին.
Գա՛ ումարջոս, կացո՛:
Բանվորին քշում են դուրս: Հետո ելնում է մենշևիկը սկսում
է կարդալ:
ՄԵՆՇԵՎԻԿ կարդում է.
Հանուն փորի մեր մեծ,
Հանուն մոլլի միրքի,
Վարժապետի քթի.
Խանութպանի ձիրքի,
Որպեսզի ինչ որ կա մեր մեջ հալալ կիսենք`
Հիմնում ենք կառավարություն-Սեյմ:
Ես — նախագահ,
Երկուսդ — օգնական,
Բանվորներին քիշմիշ, ժողովրդին
կակալ:
ԴԱՇՆԱԿ
Կարելի՞ է խոսեմ, ընկ. նախագահ:
ՄԵՆՇԵՎԻԿ
Չէ՛:
Ի՞նչ պիտ ասեք հիմի դուք կատարված փաստին.
Կուզեք — գնանք նիստի՛:
Բոլորը մեբերան.
Գնա՛նք, գնա՛նք նիստի:
Ելնում են դուրս: Չարխը՝ սև, դեղին, ալաճա՝ դառնում է
արագ:
Գալիս է Ղարան:
ՂԱՐԱ գնացողներին.
Մի սրա՛նց:
Սրա՛նց մի մտիկ:
Թռչում նստում է չարխի վրա, գոռում է էնտեղից.
Ընկերնե՛ր,
Ռուսեթում իշխանությունն անցել է սավետին:
Իսկ սրա՛նք —
Տեսա՞ք ոնց թխեցին բանվորների քթին:
Թռչում է ցած. ժողովրդին.
Բա՛ս:
Սե՛յմ,
Հիմի լսե՛ք ասեմ:
18 թվին
Հիշո՞ւմ ե ք դաշնակը, մենշևիկը,
մուսավաթը
Կարսը թուրքին տվին —
Բաթումն էլ ետևից:
Թռչում նստում է տակառին: Երգում է.
Ես նստե՛լ եմ բոչկին,
Բոչկեն կա՛-թո՛ւմ է:
Չխենկելին Պոլիս գնաց
Ծախեց Բա՛-թումը:
Է՛խ Կա՛ր-ճիկյա՛ն,
Էդ ուր գը-նում ես.
Կարսը տվիր, ձեռիդ մնաց
Լխկած դը-դումը.
— Կարսը տվիր ձեռիդ մնաց
Լխկած դը-դումը :
Շուրջը նայելով.
Գեգեչկորին սոցիալի՛ստ է:
Չխենկելին — բո՛զ,
Ժողովրդին էս երկուսը
Ծախեցին անփող:
Կե-ցի՛ր, սպասի՛ր,
Կգա բալշևիկը.
Կը-տա, կըկտրի
Երկուսիդ շլինքը:
Էստեղ դրսից ոտնաձայն: ՂԱՐԱՆ լռում է վախեցած:
ՓԱՇԱ մտնում է ուռած-փքված, ասես թե մարդ է կուլ տվե.
ոտքերին՝ չաքմա, գլխին — ֆես:
ՓԱՇԱ
Ի՞նչ ձեն էր էս,
Ո՞վ կա էստեղ:
ՂԱՐԱ
Ե՛ս…
Համեցեք նստե՛ք:
ՓԱՇԱ
Ցնդե՞լ ես, ի՛թ մասխարա:
Դուն ո՞վ ես, որ քեզ հետ նստեմ:
Ի՛նչ — է՛ — էս — տե՞ղ:
ՂԱՐԱ
Էստեղ… Սե՛յմ:
Այսինքը, ներողություն, փաշա, —
Թառռոն է, թամաշա:
ՓԱՇԱ բարկացած տալիս է մի սիլա ռեխին. Ղարան թռչում
է տեղից:
Էստեղ մտնում է ԳԵՐՄԱՆԱՅԻՆ (սպա):
ԳՐՄ. ՍՊԱ
Շա՛:
Վա՞ս մախեն զի, փաշա՛:
ՓԱՇԱ գլուխ տալով.
Ես… ոչի՛նչ.
Խրատում եմ մե քիչ:
ԳԵՐՄ. ՍՊԱ
Զե՛յռ գութ:
Ալզո՛, հե՛ռռ,
Աբա մի քիթդ դեսը բե՛ր:
Խափում է Ղարայի ռեխին,
Է՛ս քեզ խրատ ինձնից:
Կանչի՛ր մեծիդ:
ՓԱՇԱ խփելով ետևից.
Դե շո՛ւտ:
Հայդե՛:
Կորի՛,
ՂԱՐԱ կանչում է վախեցած.
Գե՛-գե՛չ-կո՛րի:
Վազում է դուրս: ԳԵԳԵՉԿՈՐԻ մտնում է սուս ու փուս,
խոնարհ, չոքում կանգնում է ետևի ոտքերի վրա.
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Խորի՜ն հարգանքներս, հե՛ռռ ու փաշա՛:
Վաղուց է սպասում էինք ձեզ:
Թե ոչ չէիք եկե վա՛յ մեզ:
Ես,
Հանուն սոցիալիզմի,
Պատրաստ եմ, թե կուզեք, թռչել Կարսից Իզմիր:
Միայն թե ոտքը ձեր,
Հե՛ռռ ու փաշա :
Բայլշեվիկին ճիզմի:
ՓԱՇԱ բարկացած — վախեցած
Իզմի՛ր… Ի՞նչ Իզմիր, ընչի՞ Իզմիր: ԳԵԳԵՉԿՈՐԻ
Հե՛ռռ գեներալ,
Փաշա՛ ,
Լսե՛ք մեզ մի…
ԳԵՐՄ. ՍՊԱ խիստ: .
Հե՛ռռ,
Ոտքի՛,
Վախտը չէ լացի, կոծի, սոցիալիզմի,
ուշացած աղոթքի:
Քաշում կանգնեցնում է ոտքի:
Ի՞նչ է էստեղ:
Ասե՛ք:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Էստեղ…
Սեյմ:
ԳԵՐՄ. ՍՊԱ
Ի՞նչ,
Ի՞նչ սեյմ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Այսինքը…
Ե՛ս եմ:
Մեկ էլ…
Մեկ էլ…
ԳԵՐՄ. ՍՊԱ
Էյ, հե՛ռռ:
Մեկել-մեկել չկա:
Հասկացա՞ր:
Ո՛չ սեյմ,
Ո՛չ Կապկազ,
Ո՛չ էլ խուրդա-մուրդա…
ՓԱՇԱ
Ճի՛շտ է:
Ի՞նչ սեյմ, օղրա՛շ,
Մեզ համար թե՛ սեյմ, թե՛ բարդակ…
ԳԵՐՄ. ՍՊԱ.
Լա՛վ:
Վե՛րջ:
Դու լռի՛ր, փաշա :
Իսկ դու,
Հե՛ռռ սոցիալիստ,
Լա՛վ լսիր հիմի.
— Սեյմ-մեյմ, սոցիալիզմ-մոցիալիզմ-
Չկա.
Քամի՛,
Մենք,
Ես ու փաշեն,
Եկել ենք ձեր գործերին աշենք:
Հիմի լսե՛ք — ասեմ.
Դուք էգուց սեյմը կցրեք,
Կդառնաք տերություն երեք,
Կամ, կուզեք — չորս, հինգ, վեց, յոթ, ութ
Մենակ թե Ռուսը-կափո՛ւտ:
Հասկացա՞ք,
Էսպե՛ս:
Էգո՛ւց,
Իսկ մենք—
Գալիս ենք-գնանք Բաքու:
Գո՞ւթ:
Թխեցի՞նք:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Շա՛տ գեղեցիկ.
Օգուտ:
Մեզ օգուտ,
Մեզ օգուտ,
Փաշին օգուտ,
Բալշևիկին — կափո՛ւտ:
ԳԵՐՄ. ՍՊԱ
Գո՛ւթ, գո՛ւթ, գո՛ւթ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մենակ թե ազատեք կարմիրներից մեզ էն.
ԳԵՐՄ .ՍՊԱ սեղմելով ձեռքը
Ալզո՛,
Հե՛ռռ,
Աուֆ-վիդերզեե՛ն,
Փաշա նույնպես սեղմելով ձեռքը: Ինքնիրեն.
Չո՛խ սալամաթ:
— Սոսիալիստ դի թամա՛մ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ մենակ.
Շենի ճիրիմե՛, կա՛ցո,
Էգուց,
Էնպես տանք բայլշևիկին քացով,
Որ թռչի մինչև Սպիտակ ծով:
Բա՞ս:
Ծափ է տալիս, կանչում է Ղարային.
Աբա՛,
ՂԱՐԱ ներս է վազում.
Էստի՛ եմ, պարո՛ն,
Էստի՛:
ԳեԳԵՉԿՈՐԻ
Կանչի՛ր նիստի՛:
ՂԱՐԱ դուրս.
Է՛ս սահաթիս—, պարո՛ն:
ԹՈՓՉԻԲԱՇ մտնում է կամացուկ-կամացուկ, փորը-թոփ,
թշները-բոքոն, աչքերը — ձու:
ԹՈՓՉԻԲԱՇ ինքնիրեն.
…Մի գաթա թխած…
ԳեԳեՉԿՈՐՈՒՆ
Արդե՛ն…
ԳԵԳԵՉԿՈՐ
Արդեն, աղա՛:
Հիմի,
էս սահաթից,
Տերություն ենք մի-մի…
Ես — Սաքարթվե՛լո,
Դու — Ազրբայջա՛ն,
Դաշնակը…
ԹՈՓՉԻԲԱՇ մատների կոմբինացիա.
Բո՛ւ…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Էգուց…
ԹՈՓՉԻԲԱՇԵՎ
Յաշասը՛ն Բաքու:
ԿԱՐՃԻԿՅԱՆ էս խոսքերի վրա՝
մտնում է արագ, հուզված:
Ի՞նչ կա էլի…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ոչինչ: Նի՛ստ:
Նստեցե՛ք, պարո՛ն մինիստր:
ԹՈՓՉԻԲԱՇԻՆ
Դո՛ւք էլ:
ԹՈՓՉԻԲԱՇ Կարճիկյանին.
ինքնիրեն.
Քիչ է մնում թքեմ…
Նստում ենք
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Նիստը հայտարարում եմ բացված:
Առաջին հարց.
Կապկազի բաժա…
ԿԱՐՃԻԿՅԱՆ վախեցած
Բաժա՞…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
…նումը:
ԿԱՐՃԻԿՅԱՆ դողահար
նումը…
ԹՈՓՉԻԲԱՇԵվ
… նո՛ւմը:
ԳԵԳԵՉԿՈՐԻ արագ
Ընդունո՞ւմ եք:
ԹՈՓՉԻԲԱՇ արագ
Այո՛, գասպադին մինի՛ստր:
ԳԵԳԵՉԿՈՐԻ Կարճիկյանին.
Իսկ դո՞ւք:
ԿԱՐՃԻԿ, գլուխը կորցրած.
Ընկերնե՛ր…
Էս… երա՞զ է, թե նի՞ստ է:
Էրզրում…
Կարս…
Բաթում…
Նեմեց…
Թուրք…
ԹՈՓՉԻԲԱՇ զզվանքով.
Դդո՛ւմ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Դդո՞ւմ…
Ընչի՞ դդում…
Ի՞նչ դդում…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ընկերնե՛ր,
Էս սահաթից ես ինձ
Հայտարարում եմ Սաքարթվելոյի
կառավարություն:
ԹՈՓՉԻԲԱՇ
Ես — Ազրբեյջանի:
ԿԱՐՃԻԿՅԱՆ շվարած.
Իսկ ե՞ս…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ձեզ,
Պարոն Կարճիկ ուստա՛,
Մնում է հայտարարել ծովից-ծով
Հայաստան:
ԿԱՐՃԻԿՅԱՆ ոգևորված.
Հաստա՛տ:
Հայտարարում եմ ծովից-ծով
Հայաստան:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ուրեմն, գա՛ումարջոս Սաքարթ…
ԹՈՓՉԻԲԱՇ
Ազր…
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Հայաս…
ՂԱՐԱ բեմի ետևից.
Յա՛շասըն Կապկազ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ընկերնե՛ր,
Նիստը հայտարարում եմ փակված:
Դուրս: Վազում են գազեթ ծախողները՝ հայ, թուրք, ռուս:
— Գազե՛թ, գազե՛թ, գազեթ…
— Հորիզոն…
— Սա՛քարթվելո…
— Մշա՛կ…
— Թուրքերը հասել են Ղարաքիլիսա…
— Բալշևիկները Գանձակ…
— Գերմանացիք ջարդվել են
Վերդենի տակին…
Վազում են դուրս: Գալիս են նորերը:
— Վեչերնի, վեչե՛րնի, վեչե՛րնի…
— Լեհաստանի նոտան Չիչե՛րինին…
— Ապստամբություն Կարմիր
Բանակում…
— Բալշևիկները թողե՛լ են Բաքուն…
— Բիչերախո՛վ…
— Համազա՛սպ…
— Այոլլո՛…
— Լլո -լլո — ա՛ լլ ո՛ ո՛ո՛…
Վազում են դուրս: Գալիս են նորերը:
— Սենսա՛ցիա,
— Սենսա՛ցիա…
— Սենսա՛ցիա…
— Պերեմիրյե՛:
— Պերեմիրյե՛…
— Պերեմիրյե՛…
— Ահարոնյանը գնում է Վերսայլ…
— Քաջազնունին պրեմյեր…
Վազում են դուրս: Գալիս է վազելով Ղարան ձեռքին թուր:
ՂԱՐՍ խփում է օդին աջ ու ձախ.
— Մե՛կ, երկո՛ւ,
Ռա՛զ, դվա,
Է՛րթի, օրի՛,
Ա՛յն, ցվա՛յ,
Ե՛ք, դո՛ւ,
Режь,
Վո՛ւր,
Կտրի՛,
Քցի՛,
Տա՛ն,
Տա՛ս,
Տո՛ւր:
Կանգ առնելով.խռով
Հետո՞ …
Հասկանո՞ւմ եք՝
Չո՛րս տարի կռվե՝
Հիմի եկել են թե —
Պեր-րե-միր-յե՛:
Ընչի՞.
Չունքի որ առուտուր չունի Բեռլինի,
Փարիզի, Լոնդոնի. Նյու-Յորքի
դուքընչին:
Ամա թե Ռուսեթում տեսա՞ք —
Մեկ, երկու, երեք —
Բուրժուազին թռավ ի վերին վերև:
Իսկ էստե՞ղ.
Էստեղ էս պարոնները նստե
Համոզում են մեզ թե
Ըսենց-ընենց,
Ռուսեթում հեղափոխությունը քնեց,
Լեռ էր մուկ ծնեց,
Մեռավ…
Էս խոսքերի վրա
Քիչ է մնում գոռամ`
Յաշասըն, Գեգեչկորի, ուռռա՛ա՛,
էսպե՛ս էլ մասխարա — դուռա՞կ:
Չէ՛,
Քո՛ւռակ,
Կատարյա՜լ քուռակ.
Էս էլ — ջեր քնքուշ ասած.
Իսկ թե ճիշտը կուզեք —
Ավազա՛կ,
Թամա՛մ ավազակ:
Ընչի՞.
Այ ասեմ` աշեք.
Մինչ հիմի ո՞վ էր էստեղ,—
Հաստափոր դուքընչին,
Գերմանացի սպան,
Ֆեսավոր փաշեն:
Իրենք վերը նստած,
Ջեբների՛ն կանֆետ ու փստա,
Ժողովրդին դդում —
Անունը դեմոկրատիկ
Հանրապետություն…
Լա՛վ:
Ինչ որ տեսանք — ջեր հեչ:
Գլխավորը առաջն է հալա:
Էստեղ հեռախոսի զանգ: ՂԱՐԱՆ մոտենում է չարխին,
ձեռքը դնում է ականջին, իբր ուզում է խոսա. Սկսում
հազալ.
Ալո՛.
Ո՞րտեղից է:
Փարիզի՞ց…
Պոլսի՞ց…
Բաթումի՞ց…
Ի՞նչ…
Նորությո՞ւն…
Հեռախոսի տրուբկեն իբր նետում է ցած, գոռում է
վախեցած.
— Անգլիացիք մտել են Բաթո՛ւո՛ւմ…
ԿԱՐՃԻԿՅԱՆ էս գոռոցի վրա մտնում է արագ.
Ի՞նչ…
Ո՞վ…
Անգլիացի՞ն…
ՂԱՐԱ
Այո՛, պ. մինիստր:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ո՞ւր է..
Շո՞ւտ կհասնի մեզ, թե …
ՂԱՐԱ վազելով դուրս.
Հիմի կգա էստեղ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ ուրախությունից գլուխկոնծի՝ երգում է:
Վերջա՛պես հա՛-սա ես իմ մուրազի՛ն…
Կտրում է էս խոսքերի վրա, կանգնում է ոտքի, խոսոսէ է
ինքնիրան.
Էսպե՛ս:
Անգլիացին:
Մեր հզոր,
Խելացի,
Դաշնակից-դրացին:
Ցույց կտա բոլորին:
Կթռչեն,
Կկորչեն —
Ռուսը,
Թուրքը,
Ազրբեյջանցին,
Կակուլի-վրացին:
էստեղ-ե՛ս կմնամ նստած,
Կե՛ր, խմի գինի ու փստա,
Վերչապես, Կարճիկ ուստա՛,
Կունենաս Թիֆլիսից — Պոլիս Ծովից-ծով Հայաստան:
Ոգեվորվելով:
Հա՛յ,
Հո՛ւ
Ո՞վ կա էստեղ,
էլ ո՞վ:
Տա՛մ,
Զարկե՛մ,
Կրակե՛մ,
Թռցնե՛մ,
Ծովից-ծով Հայաստան ծնեմ—
Թռչելով,
Պարելով,
Երգելով…
ԱՆԳԼԻԱՑԻ — մտնում է հանգիստ, կամացուկ: ՂԱՐԱՆ է
անգլիացի հագած: Ձեռին կարդոնե մի ձու, խնձոր կամ
ներկած շաքար:
Կարճիկյանին.
Ալ՞ո,
Մի՛ստր-նախագահ…
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ե՛ս եմ, մինիստր-գեներալ:
Բարի եկաք:
Լավ եկաք:
Ժամանակի՛ն եկաք:
Էնքան սպասեցինք դարձանքջարդած
կակալ…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Գո՛ւդ: Գո՛ւդ:
Հասկանում եմ մե խոսքից հենց ձեր:
Է՞է՞է՞…
Ասացե՛ք, պ. Կարճիկյան,
Դուք…
Ինչքա՞ն ունեք—
Թոփ,
Թվանք,
Թվանքի պատրոն,
Թվանքի ձեթ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ինչքա՛ն որ կուզեք, տե՛ր:
ՂԱՐՍ.-ԱՆԳԼ.
Գո՛ւղ: Գո՛ւդ:
Շա՛տ գեղեցիկ:
Էդ բոլորը դուք կտաք հալա —
Կքշենք բալշևիկի վրա —
Լա՞վ: –
ԿԱՐՃԻԿՅԱՆ ոգևորված.
Ց՛ըն,
Ցա՛ն,
Ցի՛ն,
Շա՛տ գեղեցիկ.
Հենց է՞ս…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Այո՛:
Առայժմ — էս:
Իսկ ձեզ, պ. մինիստր,
Մերոնք ուզում են ձեզ տան
Միացյալ ու անկախ Հայաստան:
ԿԱՐՃԻԿՅԱՆ մտահոգված.
Իսկ թո՞ւրքը…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Թուրքին կքշե՛նք:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Վրացի՞ն…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Դրան էլ կքշենք:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ազրբեյջանը բա՞…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Նրա՛ն էլ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ գլուխկոնծի.
Տա՛շ-տա՛շ-տա՛շ,
Էսպիսի բաներ:
էստեղ Գեգեչկորին ու Թոփչեբաշը մանում են արագ, գալիս
կանգնում են անգլիացու առաջ, հրհրում են իրար.
ԳԵԳԵՉԿՈՐԻ՝
Նախ ե՛ս…
ԹՈՓՉԻԲԱՇ
Նախ ե՛ս…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մի՛ ստր-գեներալ…
ԹՈՓՉԻԲԱՇ
Մի՛ ստր-գեներալ…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Բարի՛ ե՛կաք…
ԹՈՓՉԻԲԱՇ
Բարի՛ ե՛կաք…
ԳԵԳԵՉԿՈԻ
Դուք տեղ ունեք, գեներա՛լ…
ԹՈՓՉԻԲԱՇ
Դուք տեղ ունեք, գեներա՛լ…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր սրտերի…
ԹՈՓՉԻԲԱՇ
Մեր գլխի…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր Հոգու…
ԹՈՓՉԻԲԱՇ
Մեր աչքերի՛…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր ռեխի՛ ,
Մռութի, երեսի…
ԹՈՓՉԻԲԱՇ
է՛,
Մեր փեյղամբարի մորուսի վրա…
ԿԱՐՃԻԿՅԱՆ կանգնել է մե դի, խորամանկ ժպտում է, ոնց
որ մի բան գիտի, ոնց որ խղճում է դրանց, մեռնում է
ամոթից.
Սրա՛նց մի մտիկ,
Սրա՛նց.
Քիչ է մնում սողան փորոտիքի վրա
Որ ի՞նչ.
Բո՛լորիդ էլ քշելու ենք.
Բո՛-լո-՛րիդ:
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Ը՛սսս:
Սո՛ւս:
Ըզգացված եմ:
Ելե՛ք:
Ես
Ձեզ
Լա՛վ իմացե՛ք
Հաշտություն եմ բերե.
Դրա համար սակայն
Դուք պիտի տաք —
Թոփ, թվանք, թվանքի պատրոն, մե խոսքով՝ ինչ որ կա,
մնացել է հալա, ունեք — պետական, հնուց, ռուսական:
Հասկացա՞ք:
Պիտի տաք,
Ինչ որ թողել են հալա գերմանացին ու փաշեն,
Ընչի՞
Որ աշխարքի ռեխից բալշևիկին քշենք:
Բոլորը մեբերան.
Յաշասըն:
Գա՛ումարջոս:
Կեցցե՛ս:
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Իսկ ձեզ,
Պ. մինիստրներ,
Էս — (ցույց է տալիս ձեռի ձուն)
Ով որ ձեզնից խլեց —
Նա կլի Կապկազի միահեծ:
Արա բռնե՛ք:
Ինքնիրեն.
Հե՛նց որ իրանք կռվեն
Ես
Ինչ որ կա-չկա էստեղ—
Կհանեմ էն մյուս դռնեն…
Նետում է ձուն դրանց, դրանք հասնում գզգզում են իրար:
ՂԱՐԱ ելնում կանգնում է տակառի վրա. խոսում է
ինքնիրեն.
Վայրենինե՛ր:
Ցեղե՛ր:
Եվ էսպես հե՞շտ է մի՛թե ձեր գլուխը
եղել…
Հիմի կուտեն իրար`
Հայը թուրքին,
Թուրքը հային,
Հայը վրացուն,
Վրացին ետ նորից թուրքին —
Է՛սպես էլ խելացի երկի՛ր.
Է՛սպես էլ դրկից…
Օ, երկի՛ր, երկի՛ր…
Կանչի՛ր,
Գլխին տո՛ւր,
Առ կեր…
Ա՛յ քեզ բարքեր…
Օ տե՛մպորա, օ մո՛ռես,
Օ Զանգեզուր, օ Գո՛րիս…
Էս խոսքերից հետո ՂԱՐԱՆ դեմքի դիմակը դեն է գցում
փաթով, ետ նորից դառնում է
ՂԱՐԱ. երգում է մասխարա.
Այ ղարագյո՛զ, ղա՛րագյոզ,
Վա՛յ մռութիդ, ղա՛րագյոզ,
Սրանց մտի՛կ, ղա՛րագյոզ:
Ձեռաց գտի՛, ղա՛րագյոզ:
Թռչում է ցած. ձեռաց գլուխներին տալով բաժանում է
դրանց, ետ նորից ձևանում է հաշտարար գեներալ.
Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք:
Պատ-րա՛ստ:
Երեքը մեբերան.
Մենք — մի՛շտ -պատբաստ,
Տե՛ր — -գեներալ:
ՂԱՐԱ
Շագոմ-ա՛րշ:
Ինքը ընկնում է առաջ: Դրանք — հետևում են նրան: Ելնում
են դուրս:
Սուս: Բեմը դատարկ է, բան չկա: Չարխ: Սև է, դեղին է,
կապույտ, դառնում է ալաճա: ՂԱՐԱՆ ետ գալիս կանգնում
է ժողովրդի առաջ.
ՂԱՐԱ
Բա՞ս:
Տեսա՞ք սրանց կերած կարագը:
Ինչքան էլ հաստ մանես սրանց`
Կասեն բարակ է:
Ընչի՞.
Սրանց կարող է սաստի բալշևիկի ղամչին:
Կամ չէ՝
Սրանց մեկ-մեկ կանչես,
Ռեխներին խնչես,
Ասես՝ տերությունը թան չէ,
Ամեն ավազակի բան չէ.
Բա՛:
Սրա՛նց մի մտիկ հաբա — Ինքը վազում է գուրս: Դրսից —
աղմուկ, տրաք-տրաքոց, ուռա:
Լցվում են ԶԻՆՎՈՐՆԵՐԸ բեմի ետևի կողմից՝ հայ, վրացի,
թուրք,— հոշոտում են իրար: Ամեն ազգի զինվորի ետևից
գողեգող դրանց մեծերը քշում են դրանց առաջ, քշում են
իրար վրա, սիրտ են տալիս.
«Յաշասըն»
«Գաումարջոս»
«Ուռռա»:
— Տո՛ւր:
— Վո՛ւր:
— Ջա՛ն:
— Շե՛նի:
— Չվենի:
«Գաումարջոս Սաքարթվե՛լո»
«Յաշասըն Ադրբեյջան»
«Մե՛-ր — հայրե-նի՛ք»…
Էս հարայհրոցում մի կողմից ծակից երևում է ռեխը
անգլիացու, կամ, կուզեք, իտալացու, ամերիկացու մեկ է.
մենակ թե խաղալիս ռեխը դեղին ներկեք: Նայում է ուրախ-
ուրախ,
ձեռքերը քսում է իրար, կնյազը, տերտերը, մելիքը, չարչին,
վարժապետը շրջապատել են նրան, նայում են
հարայհրոցին, ուրախ են, շատ են ուրախ, ուտում են,
խմում են արաղ. բեմի վրա — աղմուկ, հարայհրոց, թոփ,
թվանք, թուր, կրակոց ու կրակ:
Էս ժամանակ բեմը ԲԱՆՎՈՐՆԵՐՈՎ լցվում է արագ:
Գալիս խառնվում են կռվողներին, համոզում են դրանց:
— Խի՞եք կռվո՞ւմ:
— Ընչի՞:
Ցույց տալով մեկնումեկին.
— Տո՛, տո՛ւր դրա դնչին…
— Ո՞ւմ համար եք կռվում…
— Չարչո՞ւ — մելիքի՞ — աղի՞…
ԶԻՆՎՈՐՆԵՐ
— Լսե՛ք, լսե՛ք տղին,
— Տվե՛ք Գեգեչկորու ռեխին…
— Կարճիկյանի քթին…
— Մուսավաթի միրքին:
ՄԻ ԲԱՆՎՈՐ ԲԱԼՇԵՎԻԿ
— ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
— Ինտերնացիոնալ երգի՛ …
(Սկսում է)
— Տվե՛ք, տվե՛ք դրանց…
Կորչի՛ն…
— Դալո՛յ…
— Դալո՛յ…
Բեմից քշում են դրանց՝ մռութներին տալով, բեմը լցվում է
ժողովրդով: Դրոշակներ: Պլակատներ: Լենինի, Մարքսի
նկարներ ՂԱՐԱՆ գալիս է բեմ. պատից-պատ քաշում է
պլակատ ֆոնը սև, տառերը-կարմիր:
ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ,
ՄԻԱՑԵ՛Ք
Էս ժամանակ ահա չարխը դառնում է էլ ավելի արագ,
փայլում է, ոնց որ ալ
կրակ վառվի — դառնում է ԿԱՍԿԱՐՄԻՐ ՂԱՐԱ թռչում
նստում է չարխի վրա,
դեպի ետ հանում է լեզուն, հետո ճառ է ասում.
— ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
Տեսա՞ք Կապկազի թամաշեն.
Ես կուզեի միայն, որ ոչ թե մենակ աչքերով.
Այլ խելքով է՛լ աշեք—
Ու էն լրբերի կերած թանապուրը հիշեք:
Ընկերնե՛ր.
Էս ե՛ս եմ գրե ձեզ համար,
Աջողիլ եմ կամ շա՛տ, կամ քի՛չ:
Ոչինչ:
Բավական է ինչքան ձեզ խաղան —
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին:
Քիչ էլ թող մեր խալխը նայե
Դաշնակի ջարդած քթին,
Մենշևիկի մրոտած խելքին:
Մուսավաթի միրքին:
Բավական է թառռոնը պետական
Օթելլոներ ծրի.
Տեսա՞ք մեր խոխեքը դրանց
Ո՞նց թռցրին…
Ընկերնե՛ր:
Աջողած էր, թե չէ էս թամաշեն —
Մե՛կ է.
Բանն էն է որ բռնենք մեր թշնամու բկեն.
Հասկացա՞ք,
ացա՞ք,
աք,
քը,—
Հիմի ո՞ւր են դրանք –
ՄԿԻ ԾԱԿԸ…
Էլ չկան:
Մտել են ծակը մկան:
Էլ յո՛խտուր:
Ա՛րարիս.
Нету.
Փա՛ ս.
Բա՞ս:
ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ…
Էստեղ ՂԱՐԱՆ չարխից թռչում՝ կանգնում է ժողովրդի
առաջ. Գոռում է —
ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱ՛Լ…
Բեմը և ժողովուրդը երգում են միասին.—
— Ելի՛ր ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ:
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կվարենք մենք
Մինչև հիմքերը — և հետո
Մեր նոր աշխարհը կշինե՛նք մենք,
Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ:
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:
Ոչ ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքա՛ն.
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական:
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր —
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ:
Սա՛ է…
Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է —
Կորչի հարուստը թող տզրուկ:
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան:
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:
1923

By paruyrservak

ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ

I

Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին,— աշխարհներին, արևներին,—
Հրանման հոգիներին։—
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,—
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,—
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին— ողջո՜ւյն, ողջո՜ւյն։—

II

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում—
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա—
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։—
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։—
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի—
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։—

III

Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Ով քաղաքից էր հեռացել— նա թողել էր մշուշը ծեր,—
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել։
Ով եկել էր գյուղից հեռու— նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ։
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել։
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ՝
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրոշ։—
Ով եկել էր, թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի՝
Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի։
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի—
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների…
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ՝
Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել։

IV

Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։—
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված։—
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունած ու արևուն,—
Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։—
Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝
Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված։
Հեռո՛ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին—
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային։
Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝
Հետզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր…
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական։
Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ։—
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե—
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։—

V

Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում—
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն…
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա։—
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ։—
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք—
Ուղիները երկաթագիծ ձգվել էին ամենուրեք։—
Երազների պես երկաթե քաղաքամոտ կայարանից
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգվել էին ուղիները երկաթագիծ։
Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի՝
Սեղմըվելով հետզհետե՝ փախչում էին գաղտագողի…
Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում—
Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա մի քարացում։
Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա կարծես կապված—
Ու անզիջում կռվում էին ամբոխները խելագարված։
Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային կամքին հլու՝
Գնո՜ւմ էին կռվո՜վ, երգո՜վ կայարանը գրավելու։—

VI

Կռվում էին։ Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի։
Դեմը քաղաքն էր տարածվել՝ հազարամյա մի թշնամի։
Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։—
Ու կայարանը՝ հաղթանդամ իրիկնային կարմիր մուժում,
Հաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն։
Հաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի՝
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների։
Ու գծերի մոտ երկաթե, դեպի հյուսիս, դեպի առաջ՝
Ձգվել էին ալիքաձև խրամատներ գետնատարած։
Թշնամին էր պահվել նրանց ալիքաձև գետնափորում
Ու մատներով արյունոտած դեմը փռված դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՛, հողի սրտում դարան մտած
Կրակում էր գաղտագողի, նենգ ձեռքերով արյունոտած։
Կռվում էին՝ մոտենալով, մոտենալով հետզհետե։
Պայթում էին զրընգալով հրանոթները երկաթե։—
Ե՛րգ էր կարծես կռիվը այդ, որ զնգում էր մայրամուտում
Նայես՝ թռավ մի հրանոթ ու թունդ պայթեց խրամատում…

VII

Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ։
Ու դաշտերում իրիկնային մահն էր քրքջում համատարած
Երգում էր նա՝ երգը խառնած հրանոթի զրնգունին,—
Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին։
Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը կրակոտ.
Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ
Ե՛րգ էր կարծես արևը հին՝ իրիկնային լույսով վառված
Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված…

VIII

Եվ երգում էր մեկը՝ հզոր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ։—
Որպես բազե՝ երգը նրա սլանում էր հեռու, հեռու—
Եվ երգելով կռվում էր նա՝ լուսաժպիտ ու ահարկու։
Երգում էր նա։ Մայր էր մտնում արևը հին՝ կարմիր քուրա։
Եվ դաշտերում իրիկնային— զանգ էր կարծես ձայնը նրա։
Զա՜նգ էր կարծես, զանգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանա—
Բորբ կարոտով անծայրածիր, կրակելով երգում էր նա։—

IX

«…Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ—
Մենք մեր սիրտն ենք բերել նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Այստեղ հիմա կռիվ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,—
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա— մահի հանդեպ՝ կարմիր դրոշ։
Արյունաքամ մա՛յր է մտնում հազարամյա արևը հին.
Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային…
Ու խնդասիրտ կռվում ենք մենք, ե՜րգ ենք ասում կռվում հիմի.
Կուրծք է տվել աշխարհը ողջ՝ հազարամյա մի թշնամի…
Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը՝ սեգ ժպտում է մեզ—
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարոտակեզ։—
Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր—
Կրակեցեք, կրակեցեք, խելագարված իմ ընկերներ…»։

X

…Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։
Ու անվհատ կռվում էին ամբոխները խելագարված։
Աչքերի մեջ՝ կարմիր մի հուր, ու սրտերում— կարմիր կրակ՝
Վերջին թափով մի ամրակուռ՝ անգայթ1 կռվում էին նրանք։
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ—
Ու թշնամին փախուստ տվեց՝ ահաբեկված ու վտարված։—
Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին…

XI

Մութ է հիմա։ Գիշերը, խոր, իջել է վար։
Մութ է հիմա, թանձր խավար։
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լույս չկա վառված
Խռնվել են հազարանուն ամբոխները խելագարված։—
Գիշերի մեջ չեն երևում հաղթ կամարները երկաթե՝
Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատե։
Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին՝
Մութը իջավ համատարած, մինչ կայարանը վերցրին։—
Սպասում են, որ մինչև լույս գոնե մի քիչ հանգստանան
Ու առավոտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան։
Աչքերն հառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքեն2՝
Սպասում են առավոտին, որ կռիվը շարունակեն։
Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռվում էին—
Մո՜տ էր թվում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին…
Եկան իրենք, կռվով, երգով գրավեցին կայանը մեծ—
Իսկ թշնամին փախուստ տվեց ու քաղաքում պատսպարվեց։
Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան—
Ու առավոտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան։

XII

Ու մթի մեջ հազարամյա, գիշերի մեջ խորը, անհուն՝
Խռնվել են նրանք ահա երկաթուղու կայարանում։
Դաշտն է դեմը, խավարակուռ ձգված է նա։
Չկա մի ձայն, չկա քամի, մութ է հիմա։
Դաշտն է դեմը՝ անծիր, անծայր մի զանգված խավարամութ,

[ էջ 117 ]

Ուր նստել է անաչք, անլույս, խորհրդավոր կասկածը մութ։
Շնթռկել է, որպես մի շուն, ու խավարն է հսկում հիմի,—
Շնթռկել է թանձր մուժում, որպես անտես մի թշնամի։
Մութ նստել է կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է իրա դիմաց։
Շարժըվում է մութը կարծես ու խավարով իր աչքերի—
Նայում է նա լուրթ աչքերին խելագարված ամբոխների։—
Ու տագնապով անլըռելի, հայացքներով անթարթ լարված՝
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարված։
Լուրթ աչքերով խորը, տխուր— մո՛ւթն են դիտում նրանք անհուն—
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում…

XIII

Հոծ բանակով հսկայական կայարանի դեմ խռնված՝
Լուրթ աչքերով արևակամ— դաշտն են դիտում խավարամած:
Մո՛ւթ է դեմը, ու խավարում, որ բացվել է, որպես անդունդ՝
Երևում է հեռու-հեռուն կարմիր լույսով վառվող մի գունդ։
Աչքերի դեմ մթակալված, հայացքների դեմ ակընդետ—
Հեռու մթում լույսն այդ վառված գո՛ւնդ է թվում, կարմիր մի կետ
Գիշերի մեջ— կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառվում է նա՝
Գիշերի մեջ վառել են, որ զորքը պատրաստ, արթուն մնա։
Անծայրածիր մթում հեռվի կարծես կարմիր գլուխ է շան—
Վառել են այն, որպես կռվի ու տագնապի ազդանշան։
— Քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի։
Պահվել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի։
Ու կրակը այդ կարմրակեզ— ահանշան ու վիթխարի—
Մի արնագույն կետ է կարծես ուղեղի մեջ խելագարի։
Բռնըկվել է հույսով հետին, հոգեվարքի տենդով վառված—
Ու նայում են կարմիր կետին ամբոխները խելագարված…

XIV

Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։
Ու վառվում է խավարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կետը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ։
Սուր մխվել է նրանց սրտում, որպես մի թեժ, կարմիր բևեռ —
Թույն է լցնում ու բորբոքում ու երազներ աշխարհավեր…
Աղմըկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամյա —
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա։
Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն —
Ու աչքերը միլիոնավոր թո՜ւյն են թքում, արյուն ու թույն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի —
Ու վառվում է լուրթ աչքերում՝ արյունալից ու կատաղի։
Ու աչքերը արյունամած անթարթ հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին։

XV

…Գիշերի՜ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,
Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին։
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր —
Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր՝ անծա՜յր, անծի՜ր:
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ —
Հազա՜ր բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ։
Նրանց ձգված մկաններում ո՛ւժն է նստել խոնավ հողի,—
Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի…
Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ…
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված—
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…

XVI

Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առավոտին։
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը հետին։
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առավոտի—
Ու վառվում է վերջին լույսով կրակը այն կարմիր կետի։
Նոսրանում է խավարն ահա, գունատվում է հետզհետե —
Ճեղքում է մութն արևելքում հսկայական, հրե մի թև։
Ու սուրում է հեռուներից առավոտվա կիսամթում—
Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմություն։
Շարժըվում է խավարը թեն ու հեռևում խավարամած
Երևում է քաղաքն արդեն՝ մութ, անորոշ մի զանգըված։
Հաղթ շենքերի պատերը հաղթ որոշվում են հետզհետե,
Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթե…
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարոտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառվում է տենդը հոգևար…
Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խավարակուռ զանգըվածին —
Ու վառվում է սիրտը նրանց, որպես հրդեհ արեգնածին…
— Պիտի երթան առա՛ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։
Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՛ պիտի փռեն—
Հազարամյա քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու ավերեն։—
Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն։—
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՛ն նրանք նորից,
Որ կյանքը հին, որպես փյունիկ1, չբարձրանա՜ մոխիրներից…
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի—
Դեպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների…

XVII

…Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված—
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված…

Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար—
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար…
Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1918, հուլիս

By paruyrservak

ՍՈ՛ՄԱ

I

Որպես քուրմը Գանգեսի,
Կարոտակեզ, սիրակեզ—
Կյանքս տվե՜լ եմ լույսիդ
Եվ երգում եմ քեզ։
Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա,—
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելագա՜ր Սո՛մա։

II

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
Ու սիրտս— գարուն,
Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտրում
Այս չար աշխարհում։

Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
Քո դեմքը հրե,—
Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրե։

Ու սիրտս տված մահի անուրջին,—
Մա՜հ էի տենչում,—
Բայց տեսա հանկարծ քո դեմքը վերջին
Այս աղջամուղջում։

Քո դեմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում.
Քո դեմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում։

Եվ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
Հրդեհի պարին,—
Եվ կյանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին…

III

Սո՜մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
Երկնային մի քույր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թույն, թախիծ ու բույր։

Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
Բույսերը բոլոր.
Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
Քաղցր ու ահավոր։

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակեզ,
Եվ այդ սրբազան խմիչքով հարբած—
Ցանկանում ենք քեզ։

Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
Դու, որպես գինի,—
Եվ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի…

IV

Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սեր,
Ոգևորության դու քա՜ղցր գինի,
Երկունքի գիշե՛ր։

Արշալույսների սրբազան արգանդ,
Ոգու Կաթն Ծիր.
Արևից առաջ դո՛ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր։

Օ, սրբազան հա՜րս դու ազատության,
Դու— ազատությո՜ւն,
Դու— վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,
Դու— ոգու խնդում։

Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
Վառվում ես հանկարծ, դառնում ես կրակ։—

Սո՛մա, օ, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հ֊րի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար…

Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալով— անցար աշխարհին.
Եվ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
Հանձնեցիր հրին։

Ծփում ես հիմա մարդկանց սրտերում
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
Քո՛ւյր, դո՛ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել…

Վառե՛լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք ելել խենթ ու խելագար.
Օրհնվի՛ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար։
Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,
Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
Բռընկվի՜ր կրկին ու կրկին անգամ,
Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛ արնաքամ,
Խելագա՜ր Սո՛մա…

V

Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Մխացել է դա՜ր ու դարե՜ր.
Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Քանի՜ ոսկի ջահ է վառել…
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Երկրի մուժում,
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Կյանքի փոշում։
Դա՜ր ու դարե՜ր մեր սրտերում
Վառվել է վառ,
Բայց հրդեհվել չի կամեցել
Աշխարհը քար։

Ո՞վ չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր—
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր։
Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում։
Գինի՛դ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
Գինի՛ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.

Ու գիշերի թանձր մթում—
Հրե մի սուր—
Դուրս է թռչում գերեզմանից՝
Վառվում է զուր…
Սո՛մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա—
Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՛հ է տվել ու գերեզման,
Հող ու անհուն—
Որ դուրս թռչի, ազատ վառվի—
Գերեզմանում…
Ու չէր վառվում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար.
Հիմա վառվեց… Խե՜նթ ենք մենք էլ
Ու խելագար։—

Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում—
Այն ամենը, ի՛նչ որ կար
Հազարամյա աշխարհում։
Ու արյունը մեր՝ խառնըված հրին՝
Վառվում է ագահ,—
Ու լույս է տալիս վառվող աշխարհին
Դեմքդ հեռակա։

VI

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եվ մեր շուրջպարում— հրդեոի պարում
Հեքիա՛թ է, կյանքը, ու մարդը— կրակ։

Հրթիռ-հրթիռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարեվեր1,
Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր։

Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Զա՛հ է դարձել ամեն մի մարդ
Կրակապատ աշխարհում։

Ու պար բռնած, ու խելագար
Ե՜րգ ենք ասում կրակին—
Ու վառվում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի։
Կիրակի է կյանքն հիմա—
Ջահազարդվա՜ծ, կրակուն—
Ու պարում են կյանք ու մահ
Սո՛մա, քո սուրբ կրակում…

VII

Հե՛յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ,
Դուք չե՞ք լսում, ձե՛զ ենք կանչում,—
Զվարթ ու սեգ,
Եկե՛ք, մտե՛ք շուրջպարը մեր—
Եկե՛ք, եկե՛ք։
Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թեժ.
Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզվող ու հրակեզ։
Ով որ եկավ— պետք է իր հետ
Ողջակիզվող մի սիրտ բերի—
Եկե՛ք, հսկա պարը մտեք
Աշխարհային հրդեհների։

Ու ծավալվի՛ թող
Աշխարհովը մեկ
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշեկ։

Կյանքը հնամյա,
Որ մխում է զուր—
Թող մոխի՛ր դառնա
Ու անցնի իզուր։

Հո՛ւրը թող մնա,
Հրդեհը հոգու,
Որ հրաշք դառնա
Սո՛մա, խոսքը քո։

VIII

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
Ամբոխները ահագին,
Որ կյանքը հին ու սնամեջ
Ողջակիզեն կրակին։

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըվում է կյանքը քար—
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։

Ու արյունը մեր, խառնըված հրին,
Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան—
Ու ժպտում է քո դեմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան…

IX

…Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ.
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
Հիմա՛ եմ հասել.
Ինչ լա՛վ է, Սո՛մա, որ քո կրակում
Վառվում եմ ես էլ…

Կվառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եվ եթե մարի հրդեհը այս մեծ,
Որ չունի մարում—
Դու էլի՛ հազար հրդեհ կվառես
Այս չար աշխարհում…

Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,
Բայց քա՜ղցր է այնքան.
Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
Ու վաղը չկամ.
Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
Տիեզերական։—

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ
Քո ոսկի հրում—
Բայց վառվի՛ պիտի սիրտս մոխրացած
Քո բոլո՛ր գալիք արշալույսներում…

1918 հունիս-հուլիս
Կարմիր բանակ

By paruyrservak

ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ

I

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված։

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ։
Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։

Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք։
Կարծես մանկական կապույտ երազում՝
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։
Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ո՛չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։

Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։
Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
Աշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ,
Արևի շնչով լվացված կարծես։
Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,
Թավալվում էր մի հսկա օձի պես։

Թեթև քայլերով ու սրտով թեթև
Քայլում էինք մենք կայտառ ու ջահել։
Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝
Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել…
Նայում էին մեզ լեռները պարթև՝
Կոչո՛ւմն է նրանց— հավիտյա՛ն նայել։

Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք։
Վրաններն արդեն զարկըված էին,
Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
Զնգացին նորից հազար երգ ու վանկ
Եվ վերջին անգամ պղպջաց գինին։

Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
Եվ շուրջը փռել արծաթե մշուշ,
Երբ հոգնած մտանք վրանները մեր,
Խոտերի վրա պառկեցինք անուժ.
— Է՜, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ,—
Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ։

II

Եվ ուրախ էինք այսպես— երեք օր։
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած։
Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր
Մեր հոգին ջահել ու բազմաերազ։

Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն։
Անձրևներ էին մեր գլխին տեղում։
Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝
Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում։
Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝
Անձրևների տակ մրսում էր, դողում։

Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ։
Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար։
Փտել էր արդեն անձրևների տակ.
Ի՞նչ ցեղից էր նա — այդ ո՞վ կիմանար։
Իր ապրած կյանքից ամեն հիշատակ
Սրբել էր, տարել անձրևը վարար։

Երկա՜ր կանգնեցինք։ Մի զինվոր— ընկեր
Դիակն հրելով, խնդաց խելագար։
Բայց չէ՞ որ նա՛ էլ կրել է զենքեր,
Եղել է մեզ պես կյանքի սիրահար։
Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ
Այսպիսի դիակ դառնալու համար։

Եվ անցա առաջ։ Լեռներից անդին
Երևաց հանկարծ արեգակը հուր։
Եվ ես մոռացա այն այլանդակ դին,
Շնչեցի հողի թարմությունը խոր,
Եվ նորի՜ց իմ բաց ու լցված սրտին
Աշխարհը թվաց այնքան թա՜րմ ու նո՜ր։

Արևի ոսկի մատները իջան
Ու գուրգուրեցին հեռուները թաց։
Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝
Խոտերի միջից առվակը խնդաց։
Եվ թեթև՜ նետած սլաքի նման
Դեմից մի թռչուն անցավ սրընթաց։

Ախ, այդ դաշտերի հեռո՜ւն ոսկեգույն,
Այդ երկինքների կապո՜ւյտը պայծառ…
Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,
Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝
Չըպետք է, որ մարդն հեկեկա անքուն—
Աշխարհում մի օր ապրելու համար։

Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով —
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով։

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։

Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —
Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն1։

Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
Երբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի,
Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել,
Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝
Գգվի հիացքով երջանկավայել —
Ամե՛ն մի խոտի, ամե՛ն մի քարի։

Ախ, ո՜չ… Սատանա՛ն քրքջացել է այս
Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,
Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,
Վառել է ոսկի հասկերը բոլոր։—
Սրտի կսկիծով ես անցա առաջ
Ու շուրջս նորից նայեցի մոլոր։—

Եվ ահա — կրկին մի քանի դիակ։
Եվ այստեղ ահա — վարսեր կանացի։
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ—
Փտած փշրանքներ արնաներկ հացի։
Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ,
Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի…

Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկա։ Ընկած է անձայն։
Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ է՛լ այն կողմ — ատամներ ցիրցան։
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
Մոռացել էին մի հին հրացան։

Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։

Լուսնոտի նման բութ ու շվարած՝
Այլևս ոչինչ չէինք նկատում։
Մի ծանըր կսկիծ ուսերիս առած՝
Լուռ քայլում էինք արնաբույր տոթում։

Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք։
Անունն էր միայն, իսկ ինքը չկար։
Այլանդակ գուղձեր, դևի ապարանք։
Մնացինք՝ հանգիստ առնելու համար։
Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք
Զրույցներ զազիր ու խայտանկար…

III

Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,
Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ
Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,
Բայց տրտունջ չկար մեր հոգու համար։
Նախատում էինք տրտնջացողին,
Դեպի նա դառնում անողոք ու չար։

Ես չեմ մոռանա մեր վերելքը թեք
Թափարիզ լեռան ծերպերով անտես։
Այնքան գեղեցիկ չի՛ եղել երբեք
Տոկացող կամքի մաքառումը վես։
Թվում էր, թե հին ասպետներ ենք մենք
Եվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ։—

Սառած ծերպերով գնում էինք մենք՝
Ե՛վ զենք, և՛ զրահ ուսերիս առած։
Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝
Սայթաքում էինք, բայց անցնում առաջ։
Վագրերի նման ճկուն էինք մենք՝
Հայացքներս լուրթ գագաթին հառած։

Վերելքը ծանր էր և ուղին-ավեր։
Եվ այնտեղ չկար ո՛չ մարդ, ո՛չ թռչուն։
Եվ շարա՜ն-շարա՜ն բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն։
Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
Ոտքերիս կպած մեզ վա՛ր էր կանչում։

Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք։
Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
Ուր ո՛չ արարած, ո՛չ բույս կար, ո՛չ կյանք։
Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
Անհո՜ւն զգացինք, որ ապրում ենք, կա՜նք։

Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն։
Բարձրության վրա անհո՜ւն է այնպես
Մարդկային հոգին աշխարհը սիրում։
Անբառ հրճվանքով զգում էի ես,
Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում։

Եվ՝ խորասուզված կույս հեռուների
Անսահման ու խոր անգունության մեջ —
Ես հոգուս խորքում խոստանում էի
Լինել վեհասիրտ, ու հպարտ, ու մեծ —
Երբ հեռվից հանկարծ մի զինվոր ընկեր —
Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց։

Մոտեցա… և քար կտրած մնացի։—
Սառույցի վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։
Դողդոջ մատներով փշրանքը հացի
Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին։

Աչքերը թարթեց նա վերջին անգամ,
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ։
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՛չ մի բառ չընկավ։

Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ։

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
Եվ անալելու1 թաղեցինք նրան։
Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան։
Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն։

Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ,
Այդ ճամփաների հետքերով ավեր։
Եվ մեր թափորի ընթացքն համրաքայլ
Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր։
Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար,
Եվ չէինք կարող այլևս ցավել։

Մենք չէինք կարող խղճալ ոչ ոքի.
Սարսափն էր նստել մեր հոգիներում։
Զգում էինք, որ — մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն։
Զգում էինք, որ —չար ոսո՛խ կա մի,
Որ վերք է տալիս ու մահ է բերում։

Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի։
Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի։
Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
Էլ ո՛չ ոք իր այս ուխտը չխախտի։

Եվ՝ ծանրաբեռնված քարավաններով՝
Դառնում էր մեկը ճամփաներից ետ։
Ի՛նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով—

Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ։
Բարեկամ էր նա… բայց մե՛ր արյունով
«Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ…

Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար.
Եվ ամեն մի իր լարում էր դավեր։
Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ
Այն ճամփաների հետքերով ավեր,
Ուր ո՛չ մի էակ այլևս չկար,
Ուր չէ՛ր կարող մարդ խղճալ ու ցավել…

IV

Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
Որ գտնվում էր ծովակի ափին։
Հրդեհված էր նա։ Այստեղ ու այնտեղ
Մի քանի տներ դեռ մխում էին։
Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
Դեռ երգում էին իրենց երգը հին։

Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
Վետվետում էին ու թռչում առաջ։
Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ։

Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ։
Եվ չէ՛ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
Չար ալիքների զրույցները չար։

Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծա՜յր ու անծա՜յր հեռու։
Բնությունը, գիրգ ստինքները բաց,

Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու—
Պատրաստ էր ամե՛ն անցորդի առաջ
Իր աշնանային տռփանքը տալու։

Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմ— խաղողի մի ծով։
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
Սնվել էր անմահ արևի բոցով։
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՜ւ զնգոցով։

Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի —
Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի—

Երբ տունկերի մեջ… տեսանք մի դիակ։
Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր։
Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել…
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Զարհուրանքալի մեզ տալով հարցեր։

Ընկերս ճչաց ու ընկավ գետին։
«Ջո՜ւր»,— շշնջացին շրթերը նրա։
Մռայլ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին —
Ոչինչ չերևաց։ Պարան կար։ Առա,—

Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ։—
Լսեցի հեռու ճղփոցը ջրի։
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես։
Դույլը մի վայրկյան զարնվեց քարի.

Էլի՜ մի վայրկյան… Եվ հանկարծ ասես
Իմ դեմ ոգինե՜ր ելան շուրջպարի…

Չռած աչքերով նայում էի ես
Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին։
Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին։

Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ՝
Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով,—
Եվ սարսափահար հայացքները մեր
Ո՛չ այգի էին էլ տեսնում, ո՛չ ծով,—
Ուր Մահն էր արդեն իր թույնը քամել…

V

Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար—
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ1։
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար։

Մեռած Քաղաքում ո՛չ մի մարդ չկար։
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույտերի նման
Փորած աչքերով նայում էին վեր։
Եվ չէին կարող նրանց հանդիման
Գետին չնայել հայացքները մեր։

Չգիտեմ ինչո՛ւ— մենք մտանք մի տուն։
Անարև, անբիբ աչքերի նման

Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն։
Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան։

Ներս մտանք։ Տեսանք՝ կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ։
Խոռոչի նման բացված ահահոտ՝
Քրքջում էր կարծես բերանն արնաներկ։
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ,
Պատմում էին մեզ պղծումներ անելք։

Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՛մը չէր։
Ու պար բռնեցին երկինք ու գետին,
Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել…
Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր…

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝
Մեռած Քաղաքի ավեր շենքերում։
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ.
Խեղերի նման ցատկոտում, պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում։

Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի ես — ահավոր, անքուն։
Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զարհուր ու բազմատարազ։

Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած—
Խեղկատակ, արագ ցատկոտում էին,—

Իմ սարսափաւար աչքերի առաջ,

Անթափանց միգում գերեզմանային…

Երգ էին ասում, ոռնում էին խուլ,
Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում,—
Խինդի էր նման ոռնոցը տխուր,
Լացի էր նման խինդը կարկաչուն,—
Բայց մահո՛ւ նման և՛ ծանըր, և՛ խոր—
Կրծում էր հոգիս ամե՛ն մի հնչյուն։

Եվ դժժում էր իմ ուղեղում բորբոք
Երգը այդ շփոթ, սատանայական,
Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ։

Թռչում էի ես, որպես մի ուրու—
Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:
Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում։
Եվ ես հասկացա, որ հեռո՜ւ-հեռուն
Ծո՛վն է շառաչում գիշերվա տոթում։—

Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
Արևի նման կարմրավառ լուսին,
Մեռելներ զվարթ ու խայտանկար—
Պա՛ր էին խաղում, երգում միասին…
Թռչկոտում էին սեթևեթ1 ու չար
Եվ երգում էին Աստղկա մասին…

Խե՛նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
Ապրում է այնտեղ — ջրերի խորքում.
Թո՛ղ բուքը ոռնա՜ աշխարհի վրա —
Իրե՜ն ինչ՝ նա կա՛— անմահ, անհերքում,—

Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անբուն եզերքում։

Եվ մեռելների շուրջպարն էր թռչում
Լուսնապար, խելառ, տխուր, արնաներկ,
Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝
Սատանայական տագնապի մի երգ,—
Ու ցատկում էին խավարի միջում
Մարմինները մառ, սրունքները մերկ…

Ու ձուլված իրար սեր, ցնորք ու մահ,
Լուսնապար ծովի երգով օրորուն—
Ուղեղիս բորբոք կտավի վրա
Թանձրացան նրանք ու անցան հեռուն,—
Եվ խավարն իջավ աչքերիս վրա
Եվ ո՛ղջը կորավ աներազ նիրհում…

VI

Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
Ճի՛շտ դեպի կռիվ — դեպի ռազմավայր։
Գնում էինք մենք՝ համառ և ուրախ
Կռվելու, կռվով մեռնելու համար։
Նահանջում էր դեռ թշնամին արագ—
Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար։

Թնդանոթները թնդում էին թունդ,
Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
Ավեր է փռում նա, հարված ու վերք,
Ու դառնում են շեն գյուղեր — մոխրակույտ,
Եվ ծուխը կապույտ, բարձրանում է վեր։

Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
Ձյունապատ լեռան ահավոր կողով։
Դժվար էր ուղին։ Բայց աչքերս հառած
Փախչող թշնամուն՝ անբուն մի կորով

Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
Եվ սրտերս այրում քանդումի հրով։

Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար,
Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին—
Նայեցի հեռուն։ — Վարը, հողմավար,
Ծովն է աղմկում գանգատով մթին։
Զարնվում էին ջրերը իրար,
Ու խուլ, ու վարար մորմոքում էին։

Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ։
Գորշացել էին ջրերը կապույտ
Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ։
Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
Համակեց հանկարծ էությունս ողջ։

Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս։
Ու կատակ թվաց արած գործը մեր։
Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից։
Թնդանոթները թնդում էին դեռ։
Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
Թվում էի ինձ մենա՜կ ու անտեր։

Հանկարծ կանգ առա ես ձորամիջին։
Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ։
Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
Ջղաձգորեն մեռնում էր արդեն։
Հե՜յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
Սա՛ էլ էր փախչում այս վայրից գեհեն։

Ո՞ւր էիր փախչում, խղճո՛ւկ անասուն…
Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց։
Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
Միայն Մա՛հն է տեր՝ անողոք ու մեծ։
Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեց։

Տե՛ս, այլանդակված այժմ ընկած է նա։
Սևացել է, տե՛ս, արճիճի նման։
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
Ոչ ոք չի՛ փորի նրան գերեզման—
Ոչ ոք չի՛ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման։

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին,—
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ։
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին։

Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ —
Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ։
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ։
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ։

Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում։
Հեռուն՝ մի այրած, սևասև արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում։
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
Աշնան գիշերի մեգ-մառախուղում։

Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած զինվորի եռանդով անշեջ։
Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ1։
Գնում էինք լուռ, չգիտեմ թե ո՛ւր՝
Միշտ նո՛ւյն ծովափով— անվե՛րջ ու անվե՛րջ։

Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ —
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի։
Բայց ծալվում էին սրունքները մեր.
Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի—
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՛ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե— լինի։

Ու մնաց այնտեղ։ Ես անցա առաջ։
Նրան երևի ձիով կբերեն։
Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՜նչ արած…
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմ — նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
Որ երազները հոգիս օրորեն։

Բարձրանում էի։ Վայրենի քամին
Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
Եվ մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով։
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով։

Մենակ, անընկեր։ Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին։ Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ։
Երբեք չէր եղել մարմինս — այնքան հեզ,
Եվ ոգիս — այնքան կամքի ուժ առած։

Ու վատնում էի ճիգերս հետին։
Գագաթը մոտ է — կհասնեմ հիմա։
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՛ղ դեպի մահ։
Բայց ո՛չ… Մեռնողի բնազդով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա։

Քայլեցի նորից։ Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ։

Ա՜, հասել էի ես գյուղը արդեն։
Հասել էի ես։ Կես-գիշեր էր ուշ։—
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ…

VII

…Կռիվն սկսվեց — անողոք ու գոռ։
Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանք — բյուրավոր,
Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր —
Ու փախչում էին, ու գալիս նորից։

Եվ ընկնում էին նրանք շարեշար,
Մռնչում էին գազանների պես։
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նորից դեպի մեզ։
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար —
Եվ սվինամարտն ահա սկսվեց։

Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին։
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինք — ապրելո՛ւ համար,—
Եվ կռվում էինք, և կռվում էինք։

Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։
Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում։—

Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում։

Ու վատնում էինք ճիգերս հետին
Անհասկանալի տագնապով անհուն։
Եվ չգիտեինք, և չգիտեինք,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում։

Իրիկունն իջավ։ Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան։
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան։
— Է՜, մնաք բարի, ընկերնե՛ր արի,
Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան։

Իսկ մենք — նենգորեն նահանջեցինք ետ՝
Ձյունագիշերի մրրիկների տակ։
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ։
Երբե՛ք չէր եղել հոգիս — այնքան խենթ,
Եվ գանգս — այնքան զառանցոտ ու տաք։

Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ։
Բայց մարմինս հավե՜րժ, հավե՜րժ մարդկային՝
Ապրել էր ուզում։ Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես։

Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում։
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում։
Եվ ընկնում էին անգի՜ն ընկերներ։
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում։

Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք —
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.

Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն—
Անում են միայն այլանդակ գանգեր։

Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
Նենգավոր ու խոր ձյուների ծոցում։
Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
Անդրշիրիմյան տոնող Աստծուն…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛հ է ու ավեր,
Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն։

Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին։
Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին։
Եվ իմաստ չունի այլևս հիմար
Ճակատագրի որոշած Անդին։

Եվ գինին այստեղ ծորում է առատ,
Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում։
Այլևս չկա և ո՛չ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում։

Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ` ուրիշի ձեռքում…

VIII

…Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ1,
Լսում էի ես կարկաչը նրա։
Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ո՛չ ծուխ։
Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա…

Ա՜խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
Դաշտերի ոսկի՜ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
Ուր հավերժության ցնորքը անհաս
Ճախրում է կարծես ոսկի՜ դաշտերում…

Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին։
Միրաժի նման փարվում է հոգուս
Անէ աշխարհի քնքշությունը հին։
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս—
Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին…

Օ՜, խորհուրդների հավերժական մա՛յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
Հղանում ես միշտ կյանքեր անհամար—
Հազար գույներով՝ հազար ելևէջ,—
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ…

Օ՜, դո՛ւ, բարբարո՜ս, խելագա՜ր, ցավո՜տ,
Երբեմն իմաստուն, երբեմն— գազան,

Աշխարհներ այրող կախարդական խո՜տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՜ն,—
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՜ մասին — աղո՜թք սրբազան…

…Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ…

(1915 — 1916 ռազմաճակատ)

By paruyrservak